Ռուսաստանում առաջարկում են օտարերկրացիների լեգիոն ստեղծել ՌԴ ՊՆ և ՀԱՊԿ կազմում![]() 10 նոյեմբերի 2014 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության խմբակցության անդամ Ռոման Խուդյակովը դիմել է ՊՆ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ)` առաջարկելով քննարկել Ռուսաստանի բանակի կազմում օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած զինվորական ստորաբաժանում ստեղծելու հարցը: Ենթադրվում է, որ կազմավորումը ստեղծվելու է ֆրանսիական Օտարերկրյա լեգիոնի նմանությամբ: Ըստ խորհրդարանականի, ռուսական օտարերկրյա լեգիոնը կարող է կայունության երաշխիք հանդիսանալ Միջին Ասիայում և պատասխան լինել ԻՊ հնարավոր ագրեսիային այդ տարածաշրջանում, գրում է «Իզվեստիան»: Ռուսաստանի հասցեին արդեն հնչել են սպառնալիքներ «Իսլամական պետության» կողմից: Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, ներխուժումը Ռուսաստան մտադիր է գլխավորել հրամանատար Օմար ալ Շիշանին: Ասվում է նաև, որ ԻՊ գրոհայինները հարձակում են նախապատրաստում Միջին Ասիայի երկրների դեմ Աֆղանստանի տարածքով: Ըստ պատգամավորի, օտարերկրյա լեգիոնը կկարողանա կասեցնել ահաբեկիչների մուտքը ռուսական տարածք: Ռոման Խուդյակովը վստահ է, որ ֆրանսիական լեգիոնի նմանությամբ ստեղծվող կառույցը թույլ կտար չօգտագործել ռուսական բանակը, այլ գործարկել օտարերկրյա լեգիոնը: Հայտնի է, որ Ֆրանսիայի լեգիոնում տարբեր ազգությունների մոտ 40 հազար մարդ է ընգրկված: Օտարերկրյա ստորաբաժանումները բազմիցս են մասնակցել Ֆրանսիայի սահմաններից դուրս ռազմական հակամարտություններին: Ըստ պատգամավորի առաջարկության, պայմանագրայինները դրամական հատուցում կստանան ռուսական բանակի զինծառայողների չափով և կկարողանան պայմանագրով 6 տարվա ծառայությունից հետո քաղաքացիություն ստանալ: «Ֆրանսիայի լեգիոնի կազմավորմանը մասնակցում են պայմանագրայիններ աշխարհի 136 երկրրից, և ոչ մի ֆրանսիացի պատերազմում չի զոհվում: Իսկ ինչո՞ւ պետք է մեր զինվորները զոհվեն: Այսպես, թե այնպես, մենք պետք է պատասխանենք մարտահրավերներին՝ դա կապված է գլոբալ անվտանգության և ահաբեկչության սպառնալիքների հետ: Մենք չենք կարող թույլ տալ մեզ աչք փակել այն հանգամանքին, որ ԻՊ մոլեռանդներն արդեն պատրաստվում են ներխուժել Միջին Ասիա ու Ռուսաստան: Իսկ նրանց մենք պետք է կանգնեցնենք մեր սահմաններից դուրս և ցանկալի է առանց ռուսական բանակի օգնության: Օտարերկրացիների լեգիոնը կարող է կատարել այդ խնդիրը»,-վստահ է խորհրդարանականը: Ըստ Խուդյակովի, ռազմական կազմավորման ծախսերն այնքան էլ մեծ չեն: Պատգամավորը որպես օրինակ է բերել այն, որ ֆրանսիական լեգիոնում աշխատավարձը 1000 եվրոյից քիչ է: «Ազգային անվտանգությունն ու մեր համաքաղաքացիների կյանքն ավելի թանկ են: Ուզբեկստանի ու Տաջիկստանի բնակիչներն ուրախ կլինեն համալրելու լեգիոնը, այստեղ խնդիր չկա: Իսկ բոլոր հրամանատարներն ու հրահանգիչները կլինեն ռուս կադրային սպաներ: Չէ որ փաստացի, մենք հենց դրանով ենք զբաղված Տաջիկստանում: Բոլոր տաջիկ զինվորականները սովորում են միայն ռուսական բուհերում: Այնպես որ եկեք ամեն ինչ ճիշտ ձևակերպենք ու օրինականացնենք: Մենք և փորձ ունենք, և համապատասխան ռեսուրսներ»,-ասել է պատգամավորը: Ըստ առաջարկի հեղինակի, այս ռազմական նախագծի իրականացումը հիբրիդային պատերազմի պայմաններում, որ վարում է ԱՄՆ-ն, անհրաժեշտ է Ռուսաստանին: Պետդումայում արդեն քննարկվել է Ռուսական բանակում օտարերկրացիների ծառայության վերաբերյալ նախաձեռնությունը: Պետդումայի պաշտպանության գծով նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Ժիգարյովը պատմել է, որ ավելի վաղ առաջարկվում էր օտար երկրների քաղաքացիներին հնարավորություն տալ ծառայության անցնելու ՌԴ ԶՈւ շարքերում և որպես խթանիչ միջոց առաջարկվում էր քաղաքացիություն տալ զինծառայողին ու նրա ընտանիքի անդամներին պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Օտարերկրյա լեգիոնի ստեղծման համար գլխավոր խոչընդոտը Ժիգարյովը համարում է տեղակայման բացակայությունը երկրի սահմաններից դուրս: «Կստացվի, որ մենք ռուսական զենքով կզինենք օտար երկրների քաղաքացիներին, կսովորեցնենք օգտվել դրանից և նրանք չեն լինի ՌԴ քաղաքացիներ: Եթե որպես հիմք ընդունենք ֆրանսիական լեգիոնը, ապա այն միշտ գործել է և գտնվել է Ֆրանսիայի տարածքից դուրս: Այստեղ պետք է հստակ գիտակցել, թե որտեղ է գտնվելու ռուսական լեգիոնը ստեղծվելու դեպքում՝ Ռուսաստանում այն չի կարող մնալ»,-ասել է պատգամավորը: Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում առաջարկը: «Ազգային պաշտպանություն» ռուսական հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կոռոտչենկոն գտնում է, որ նման ռազմական կառույցի ստեղծումը կնպաստի վիճակի կայունությանը Միջին Ասիայում: «Այս նախաձեռնությունն արժանի է ուշադրության իրավաբանական ճիշտ մշակման դեպքում: «Օտարերկրյա լեգիոն» անվանումն այնքան էլ հաջող չի, սակայն, ըստ էության, օտարերկրյա զինվորական զորակազմը կարող էր կիրառվել ՀԱՊԿ երկրներում ահաբեկիչների տեղայնացման համար, պահանջված կլիներ խաղաղության ու անվտանգության ապահովման առումով: Առաջին հերթին այստեղ կարևորվում է ՊՆ կարծիքը, որն այս կամ այն չափով կքննի հարցը»,-ասել է ռազմական փորձագետը: Photo: Rusmirzp Հղումներ թեմայով. ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |