Աբխազիայի նախագահ. Մենք դեմ չենք երկաթուղու բացմանը, բայց «Վրաստանի արևմտյան հովանավորները հազիվ թե ցանկանան»

Աբխազիայի նախագահ. Մենք դեմ չենք երկաթուղու բացմանը, բայց «Վրաստանի արևմտյան հովանավորները հազիվ թե ցանկանան»

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ այս պահի դրությամբ տեղյակ չէ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ որևէ բանակցությունների մասին, սակայն, ըստ նրա, նախագիծը հետաքրքիր է և Աբխազիայի, և Ռուսաստանի, և Հայաստանի համար:

«Չեմ կարող ասել, թե Վրաստանը որքանով է պատրաստ դրան: Բայց ավելի քան համոզված եմ, որ նրա արևմտյան հովանավորները հազիվ թե դա ցանկանան: Գոնե այս փուլում: Վստահ եմ, դա կապված է տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ»,-հայտարարել է նա «Կովկասյան հանգույցին»:

Ըստ Հաջիմբայի, ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը միանա երկաթուղուն: «Բայց դրանում շահագրգռված չեն Արևմուտքն ու Վրաստանը: Իսկ մենք այդ նախագծի իրագործումից ու Վրաստանի կողմից Աբխազիայի հնարավոր ճանաչումից լրացուցիչ եկամուտ կստանայինք»,-ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ Աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը:

Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն ավելի ակտիվ սկսեց քննարկվել 2012 և 2013 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններում Սահակաշվիլիի թիմի պարտությունից հետո: 2013-ի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ դեռ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Ըստ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI)անցկացրած հարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում 3103 մարդու շրջանում: Երկաթուղու բացմանը դեմ է արտահայտվել հարցվածների 13 տոկոսը:

Ընթերցեք նաև. Աբխազական երկաթուղու շուրջ բանակցություններ են ընթանում. Հնարավոր է՝ շուտով վերագործարկվի

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---