ԵՄ-ն դեռ չի խստացնի ՌԴ դեմ պատժամիջոցները. Հարցը կրկին կքննարկվի դեկտեմբերին

ԵՄ-ն դեռ չի խստացնի ՌԴ դեմ պատժամիջոցները. Հարցը կրկին կքննարկվի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների նիստում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր միայն մեկ հարցի՝ կընդունվի՞ արդյոք պատժամիջոցների նոր փաթեթ ՌԴ դեմ: Հանդիպման ավարտին նախատեսվող պաշտոնական հայտարարությունից առաջ աղբյուրները ԵՄ-ում հայտնեցին լրատվական գործակալություններին, որ Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների հարցը նիստում չի քննարկվել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Իսկ այն անձանց ընդլայնված «սև ցուցակում», որոնց մուտքը ԵՄ արգելվում է և որոնց հաշվեհամարները եվրոպական բանկերում սառեցվելու են, կլինեն միայն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդավարական հանրապետությունների առաջնորդները: Եվրոպացի դիվանագետների մեծ մասը նախապես դեմ արտահայտվեց Մոսկվայի հանդեպ ճնշումն ուժգնացնելուն: Սակայն Կիևն ու Վաշինգտոնը մինչև վերջին պահը փորձում էին ազդել Բրյուսելի վրա: Գաղտնիք չէ, որ Բարաք Օբամայի և ԵՄ երկրների առաջնորդների Բրիսբենում G20 գագաթնաժողովի շրջանակում փակ հանդիպմանը քննարկվել էր հենց Ուկրաինայի ճգնաժամը: Ոչ մի պաշտոնական հայտարարություն հանդիպմանը չհաջորդեց: Դժվար չէ կռահել, որ նպատակն էր համախմբել եվրոպացիներին ՌԴ հանդեպ ճնշման հարցում: Բայց այս անգամ Վաշինգտոնին չհաջողվեց համոզել Եվրոպային անտեսել սեփական շահերը:

Չհաջողվեց դա նաև Կիևին: Եվրոպացիներին համոզելու ևս մի փորձ արեց Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը նիստից երկու ժամ առաջ ԵՄ ԱԳ ու պաշտպանական քաղաքականության գծով նախարար ֆեդերիկո Մոգերինիի հետ հանդիպմանը: Ուկրաինացի նախարարը պնդում էր, որ ՌԴ դեմ սահմանափակ միջոցները կնպաստեն խաղաղ պայմանավորվածությունների կատարմանը: Սակայն Մոգերինին մերժեց առաջարկը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշեց, որ միայն պատժամիջոցներով չի լինի լուծել Ուկրաինայի ճգնաժամը: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանք գործիք կարող են լինել, միայն եթե ամրագրված են այլ միջոցներով»,-ասել է նա:

Այն, որ եվրոպական մայրաքաղաքներից շատերում հիասթափվել են Մոսկվայի դեմ պատժամիջոցային քաղաքականությունից, պարզ դարձավ Բրյուսելում ԵՄ դիվանագետների հանդիպումից մի քանի օր առաջ: Օրինակ, Բեռլինը վերջին օրերին մշտապես երկխոսության կոչ էր անում Ռուսաստանի հետ: Այդ մասին խոսեց և կանցլեր Մերկելը, և ԱԳ նախարար Շտայնմայերը: Իսկ հանդիպումից տառացիորեն մեկ օր առաջ ԳԴՀ փոխկանցլեր Զագմար Գաբրիելը հայտարարեց, թե «ՌԴ դեմ լրացուցիչ պատժամիջոցներով վերջինիս դիրքորոշումը չի փոխվի»:

Բրյուսելում հանդիպումից առաջ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար հարկավոր է որոնել հակամարտության քաղաքական լուծում: «Այս պահին նոր պատժամիջոցների սահմանումը նպատակահարմար չէ»,-ասել է նա: Պատժամիջոցներին դեմ էին նաև Սլովակիայի, Հունգարիայի, Հունաստանի և Կիպրոսի ներկայացուցիչները: Ճիշտ է, եվրոպացի դիվանագետները չէին ժխտում, որ նախատեսվում է ընդլայնել այն անձանց «սև ցուցակը», ում արգելվում է մուտքը ԵՄ: Որոշ եվրոպական մայրաքաղաքներում պնդում էին, որ «սև ցուցակի» ընդլայնումը բավարար չի լինի»: Այնպես որ, չի կարելի բացառել, որ ՌԴ դեմ պատժամիջոցների թեման դեռ կվերադառնա եվրոպացիների օրակարգ, գրում է պարբերականը:

Այնուամենայնիվ, Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարեց, որ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են մտցվել դեկտեմբերն: Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ, եթե վատթարանա ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը:

Ռինկևիչը հստակեցրել է, որ նկատի ունի ոչ թե ոլորտային պատժամիջոցները, որոնց շուրջ բանակցություններն արդեն ընթանում են, այլ «ցուցակում անջատողականներին ընդգրկելու» հարցը ԵՄ ԱԳ նախարարների հետ համաձայնեցումը: ՌԴ տնտեսության բոլոր ոլորտների դեմ սահմանափակող միջոցների կիրառման հարցը կարող է հայտնվել դեկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում: Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրման դեպքում այդ գործիքը կարող է կրկին կիրառվել: ԵՄ-ում չեն բացառում նաև, որ Բրյուսելի համար «կարմիր գիծ» կարող է հանդիսանալ «Մոսկվայի աջակցությունը ստացող անջատողականների կողմից նոր տարածքներ գրավելու փորձը», գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանը կհայտնվի ավելի խորը մեկուսացման մեջ, եթե շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: Իր ելույթում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտին Օբաման մեղադրեց իր ռուս պաշտոնակցին միջազգային նորմերն ու Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման մասին պայմանավորվածությունները, գրում է «Սլոնը»: Ըստ ԱՄՆ նախագահի, ԱՄՆ ու դաշնակիցների պատժամիջոցներն ՌԴ դեմ արդեն ցույց տվեցին, որ դա արդյունավետ միջոց է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար և անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ընդլայնվեն: Օբաման հավաստիացրեց նաև, որ «առաջինը կառաջարկի հրաժարվել պատժամիջոցներից, եթե Ռուսաստանը փոխի վերաբերմունքը Ուկրաինայի ինքնիշխանության հարցումը:

Ընթերցեք նաև. Օբաման նոր պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին, Պուտինը կողմ է Ուկրաինայի դաշնայնացմանը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---