ՌԴ կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագծին

ՌԴ կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարության օրինագծերի նախապատրաստման հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին:

Օրինագիծը ներկայացրել են ԱԳՆ-ն ու տնտեսական զարգացման նախարարությունը, այն կքննարկվի կառավարության նիստում:

«Պայմանագրի կյանքի կոչումը կապահովի Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը 2015-ի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,-ասվում է ՌԴ կառավարության կայքում:

Այդպիսով հիմք է ստեղծվում առևտրատնտեսական հարաբերությունների ու կոոպերացիոն կապերի հետագա զարգացման համար, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման ու համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ամրացման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ՀՀ-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում:

Նոյեմբերի 3-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը», hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով: Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը: Չնայած դրան, դիմումը քննարկվեց գրավոր ընթացակարգով:

Հոկտեմբերի 10-ին, ելույթ ունենլով Մինսկում տեղի ունեցած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, ՀՀ նախագահն ասաց. «Իհարկե, Հայաստանի անդամակցումն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձևավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---