ԵՏՄ բյուջեն 2015-ին կկազմի մոտ 6,6 մլրդ ռուբլի. ՀՀ-ն մուծումներ չի անի

ԵՏՄ բյուջեն 2015-ին կկազմի մոտ 6,6 մլրդ ռուբլի. ՀՀ-ն մուծումներ չի անի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության բյուջեն 2015-ին կկազմի 6 մլրդ 638 մլն 604,8 հազար ռուսական ռուբլի: Այս գումարը նախատեսված է բյուջեի նախագծով, որին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան: Այն հրապարակված է ԵՏՀ կայքում, հայտնում է Բելտա գործակալությունը:

ԵՏՄ բյուջեի եկամուտները կձևավորվեն միության անդամ երկրների անդամավճարներից, այդ թվում Բելառուսը կփոխանցի 312 մլն 14,4 հազար ռուսական ռուբլի, Ղազախստանը՝ 486 մլն 609,7 հազար ռուբլի, Ռուսաստանը՝ 5 մլրդ 839 մլն 980,7 հազար ռուբլի:

2015-ին Հայաստանը ԵՏՄ բյուջե մուծումներ չի անի, սակայն սկսած 2016թ. հունվարից ՀՀ-ն վճարելու է ԵՏՄ հաստատված բյուջեի 1,13 տոկոսը:

Ընդ որում ռուսական կողմը պարտավոր է բյուջե մուծել միայն 5 մլրդ 286 մլն 55,6 հազար ռուբլի, քանի որ Բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ նրա բաժենմասային ավանդի մեջ կներառվի նաև 553 մլն 925,1 հազար ռուբլին, որ կուտակվել է ԵՏՀ հաշիվներին 2014 թ, հունվարի 1-ի դրությամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության համար 2015-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 348 մլն 272,7 հազար ռուբլի: Որից 463 մլն 208 հազար ռուբլին կուղղվի ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության ու զարգացման ֆինանսավորմանը: Բյուջեի նախագծում ասվում է, որ այդ միջոցները չեն կարող վերաբաշխվել այլ միջոցառումների ֆինանսավորման վրա:

ԵՏՄ Դատարանի գործունեության ֆինանսավորման համար բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 290 մլն 332,1 հազար ռուբլի: «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումները, որոնց իրականացման համար 2015-ի բյուջեով ֆինանսական ապահովում նախատեսված չէ, ենթակա չեն կատարման 2015 թվականին»,-ասվում է փաստաթղթում:

ԵՏՄ բյուջեի նախագիծը պետք է հավանություն ստանա ԵՏՀ Խորհրդի կողմից և հաստատվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

Ինչպես վերջերս գրել էր ռուսական Գազետա.ռուն-ն, անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանը կստանա ԵՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսատուրքերի գումարների 1,13 տոկոսը: Բացի այդ մինչև 2022 թ. մի շարք ապրանքների համար (այդ թվում մսի ու մսամթերքի դեպքում) կկարողանա կիրառել ԵՏՄ դրույքներից տարբերվող մաքսատուրքեր, անցած շաբաթ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,-ասվում է հոդվածում:

«Դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը հավակնում է, որ գազի գինը կնվազի մեկ երրորդով՝ 270 դոլարից մինչև 180 դոլար» (իրականում, ՀՀ հետ սահմանին գազի գինն այժմ 189 դոլար է 1000 խմ համար՝ խմբ.): «Բայց գլխավորն այն է, որ Հայաստանն, անդամակցելով ԵՏՄ-ին, անվտանգության երաշխիքներ է ստանում հարևան Ադրբեջանի հետ տևական հակամարտությունում և պահպանում է ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում»,-ասվում էր հոդվածում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---