Պարզաբանում. ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրման կարգը և միջնորդավճարը չեն փոխվել![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրման կարգը չի փոխվել, պարզապես վավերականության ժամկետն է երկարաձգվել՝ դառնալով 10 տարի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱՄՆ հյուպատոս Ֆրանկ Թուն: Ներկայացնելով Հայաստանի հետ վիզային նոր ռեժիմի մանրամասները, նա նշել է, որ միջնորդավճարի չափը մնում է նույնը՝ $160, անկախ վավերականության ժամկետից: 2015-ի հունվարի 1–ից ԱՄՆ-ն վիզաներ կտրամադրի Հայաստանի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածության համաձայն: Որոշումը նախօրեին ընդունել է ՀՀ կառավարությունը: Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի ժամկետով: «Կարող ենք ՀՀ քաղաքացիներին 10 տարի վավերականության ժամկետով վիզա տրամադրել, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Անդրադառնալով հարցին, թե ովքեր կարող են դիմել վիզայի համար, նա պատասխանել է, որ բոլորն իրավասու կլինեն ստանալ այսպիսի վիզաներ տուրիստական և գործնական նպատակներով այցելելու համար: «Չափանիշները նույնն են, դրանցում որևէ փոփոխություն չի կատարվել, ուղղակի հիմա, եթե համապատասխանում ես այդ չափանիշներին, վիզան տրամադրվում է տասը տարի ժամկետով»,- նշել է հյուպատոսը: Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի դիմումի ներկայացման ընթացակարգը հեշտ լինի՝ հիշեցնելով 2013-ին ներդրված ծրագիր մասին, որով առանց հարցազրույց անցնելու հնարավոր է վիզա ստանալ: Մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015-ի հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում հանրապետությունում գտնվել մինչև 180 օր: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակը երկու ժողովրդի միջև ավելի սերտ հարաբերությունները հաստատումն է: «Համաձայնել ենք, որ թույլատրելի առավելագույն վավերականությունն ապահովվի այս վիզաների համար, ինչը թույլատրվում է երկու երկրի օրենսդրությամբ: Նպատակն է խրախուսել 2 ուղղությամբ ուղևորությունները»,- նշել է դեսպանը: Հարցին, թե արդյոք քաղաքական դրդապատճառ կա նման որոշման համար, Ջոն Հեֆերնը պատասխանել է. «Մեր նպատակը միշտ եղել և մնում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Մեր գրագրության մեջ գործարկման ժամկետներ չէինք նշել, Հայաստանը որոշեց 2015-ի հունվարի 1-ը»: Ազատականացված վիզային ռեժիմի ներդրման գաղափարն առաջ էր քաշվել 213-ին Վաշինգտոնում կայացած Տնտեսական գործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը: Այդ խումբը հարթակ է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր և վերհանվում հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, ՀՀ-ն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Կարդացեք նաև՝ ՀՀ որոշ քաղաքացիներ 2015-ից 10 տարով ԱՄՆ վիզա կստանան ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |