Ցեղասպան Ջեմալի թոռը Երևանում փորձում էր արդարացնել պապին. Ապարդյուն էր![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Երանում կայացավ հանդիպում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ, որի ընթացքում թուրք գրողը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Լրագրող, գրող, հրապարակախոս, տասներկու գրքի հեղինակ Հասան Ջեմալ թուրքը նախ ընդգծեց, որ իրեն Հայաստան է բերել իր սիրելի Հրանտ Դինքի ցավը և նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է: Նա ամեն կերպ ջանում էր ցույց տալ, թե ինքն ուրիշ թուրք է, որն ընդունում է Ցեղասպանությունը, կիսում է մեր ցավը: Ու, անկեղծ լինելու համար ասեմ, որ նրա ոտքերի անհանգիստ շարժումներն ու կախ հայացքն ինչ-որ պահ մտածել տվեցին, թե մարդն իրոք հասկանում է, իրոք ուսումնասիրել է ու ընդունում է, որ թուրքերը սպանել են հայերին, հայրենազրկել ու տիրացել ունեցվածքին: Մի խոսքով… Բայց ստի ոտքը կարճ է. ընդամենը մի քանի րոպե անց նա սկսեց խոսել ընդհանուր ցավից` փորձելով մեկ հարթության վրա դնել հայրենազրկված ու սպանված միլիոնավոր հայերին ու Լոս Անջելեսում սպանված իր 1 դիվանագետ ընկերոջը (նկատի ունի Լոս Անջելեսում հայ ծերունու կողմից Թուրքիայի հյուպատոս Բահադըր Դեմիրի սպանությունը 1973-ին): Ասեմ ավելին` նա համարձակվեց ԱՍԱԼԱ-ի մարտիկներին ահաբեկիչներ անվանել, իսկ «Նեմեսիս» օպերացիայի մասնակիցներին` ավազակախումբ, անգամ պարծեցավ, թե չի խորշել նրանցից մեկի թոռան ձեռքը սեղմել… Երեկվանից թերթում եմ նրա գիրքը, ու թեև ամբողջությամբ դեռ չեմ հասցրել ընթերցել (խոստանում եմ` եթե կարդալուց հետո մտափոխվեմ, նորից կգրեմ ու հեղինակից ներողություն կխնդրեմ), տպավորությունն այնպսիսին է, որ նա ոչ թե փորձում է ներողություն խնդրել իր ու արնախում պապի անունից, այլ արդարացնել նրան ու իր ցեղասպան ազգին: Հասան Ջեմալը մեջբերում է իր պապի խոսքերը. «Մոսկովը հային լարեց թուրքի դեմ: Թուրքն էլ հակվեց այն մտքին, թե որպեսզի ինքը ապրի, չմեռնի, պետք է հային սպանի», հետո էլ նկարագրում է իր պապի «ապրումները», երբ խեղճ արնախումն իմացել է, թե ինչպես են վարվում հայերի հետ, քանի դեռ ինքը Սիրիայում է: Ասում է՝ իբրև Ջեմալի սիրտը շատ է ցավել հայերի համար, ավելին` ամեն կերպ օգնել է տեղահանվածներին, սատարել նրանց և օթևան տվել: Ասեմ ավելին, մարդասպան Ջեմալի թոռը պնդում է, թե իբրև Ցեղասպանությունից հետո իր պապը նույն աղքատն է մնացել ու մի գրոշ անգամ չի ունեցել: Մարդ չգիտի` լա, թե խնդա… Հիմա հարց` Հասան Ջեմալ, եկել ես Երևան ընդհանուր ցավի՞ց խոսելու: Ի՞նչ ընդհանուր ցավ: Ո՞րն է քո ցավը: Հայերը սպանել են պապիդ ու մի ընկերոջդ: Թուրքերը սպանել են մորս ու հորս պապերի ընտանիքի անդամներին, նրանց ընկերներին, երեխաներին: Թուրքերը հայրենազրկել են մորս ու հորս պապերին: Դու քո ընտանիքի ցավն ես պատմում, իսկ ես ո՞ւմ պատմեմ, իմ պապական տունն ումի՞ց պահանջեմ, եթե ոչ քեզնից: Եթե դու հասկանայիր հայերի ցավը, եթե հասկանայիր` ինչ է նշանակում մասսայական բնաջնջում ու հայրենազրկում, եթե հասկանայիր այն ցավը, որ կա «էրթանք էրգիր» բառերի մեջ, դու երբեք ընդհանուր ցավից չէիր խոսի ու քո ցեղասպան պապին չէիր արդարացնի: 1 ժամ շարունակ խոսելով` Հասան Ջեմալը չտվեց Ցեղասպանության իրավական գնահատականը, բացի անցյալը մոռանալուց ու ներելուց ուրիշ ոչ մի բանի մասին չխոսեց: Չխոսեց ոչ նյութական, ոչ հողային և ոչ էլ բարոյական փոխհատուցման մասին: Նա, ըստ երևույթին, պարզապես շարունակեց ընդհանուր ցավի մասին Էրդողանի հանրահայտ «ցավակցական» ճառը, որին բոլորս մեր գնահատականը վաղուց ենք տվել` ընդհանուր ցավ չկա, որ մենք էլ կիսենք: Հասան Ջեմալն ասում է` հայերը պայքարում են, որ ապացուցեն, թե Թուրքիայում իրենց սպանել են: Ո´չ: Հայերը պայքարում են, որ վերադարձնեն այն, ինչն իրենցն է` երկիրը, հողը, հայրենիքը, մշակույթը, պատմությունը: Թուրքերը վախով են սպասում Ցեղասպանության 100-ամյակին, բայց վստահ եմ` նաև թաքուն հույսեր են փայփայում, թե այն վերջ կդնի հայերի պահանջատիրությանն ու Հայոց հարցին: Ավաղ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, որովհետև Ցեղասպանությունից 100 տարի անց հայն առավել ուժեղ ու համախմբված է, քան երբևէ: Մեզ համախմբում է արդարության ու վրեժի ծարավը, ճիշտ նույն շարժից ուժը, որ առաջնորդում էր ձեր բնորոշմամբ «ավազակախումբ» «Նեմեսիս» օպերացիայի հերոսներին: Ու ԱՍԱԼԱ-ի մարտիկներին: «Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ գործակցած հայ դավաճաններին: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն. Νέμεσις) այն կոչվել է հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը, որոնք, ի դեպ, արդեն իսկ դատարանի որոշմամաբ մահվան էին դատապարտված: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել է 41 գլխավոր հանցագործը: «Նեմեսիս» գործողության շրջանակում 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |