Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2015-ի աշնանը և կտևի 5 տարի18 դեկտեմբերի 2014 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ավարտին՝ դեկտեմբերի 16-ին, Թեհրանում, ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կնպաստեն հայ-իրանական տնտեսական գործակցության ակտիվացմանը: Երկու օր շարունակ աշխատանքային հինգ խումբը քննարկել է տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք ի մի են բերվել «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագրում»: Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքները գնահատել է բավական արդյունավետ: «Ստորագրվել է երկու կարևոր փաստաթուղթ՝ «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև` «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը»: Բոլոր այդ փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի տնտեսության համար»,- նիստի ավարտին արդյունքներն ամփոփելիս ասել է Երվանդ Զախարյանը։ Հուշագրում ներառված են տնտեսության բոլոր ճյուղերը՝ էներգետիկա, առևտուր, բանկային ոլորտ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ և այլն։ Հայ-իրանական էներգետիկ ծրագրերից նախարարն առանձնացրել է 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագիրը, որը հնարավորություն կտա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 350 ՄՎտ-ից հասցնել միչև 1200 ՄՎտ-ի: «Իրանական կողմի հետ պայմանավորվեցինք շինարարությունը սկսել 2015 թվականի մարտին և այն ավարտել 18 ամսվա ընթացքում: Այդ գծի շինարարությունը հնարավորություն կտա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1մլրդ 200մլն կվտ/ժ-ից հասցնել մինչև 7 մլրդ. կվտ/ժ»,- ասել է Երվանդ Զախարյանը: Հաջորդ ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությանը։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շինարարության նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն 2015-ի հոկտեմբերին, որից հետո արդեն կսկսվի Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը կտևի 5 տարի: Հանձնաժողովի 12-րդ նիստում Հայաստանի կառավարության 7 փոխնախարարն ու պատվիրակության մյուս անդամներն իրանցի գործընկերների հետ քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում գործակցությունն ընդլայնելու շուրջ: Քննարկվել է նաև Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, կողմերը պայմանավորվել են հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս բացառել այդ դեպքերը։ Մասնավորապես երկու երկրի առևտրային պալատները համաձայնել են մեկ տարվա ընթացքում կազմակերպել տնտեսական, առևտրային և ներդրումային համաժողովներ Թեհրանում և Երևանում: Կողմերը համաձայնել են «Իրան-Հայաստան բարեկամության օրեր» նշելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծել գեղանկարչական ցուցահանդեսների, երգի, թատերական ներկայացումների, ինչպես նաև երկու երկրների անհատ կատարողների ծրագրերը ներկայացնելու համար: Դրանից բացի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրի տարածքում ընդհանուր մշակութային արժեքների վերաբերյալ ֆիլմեր նկարահանելու ուղղությամբ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին 2015-2016 ուսումնական տարվա համար տրամադրել 3 կրթաթոշակային տեղ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարարները քննարկել են հայ-իրանական էներգետիկ գործակցության հարցերն ու առաջիկա անելիքները: Նոյեմբերի վերջին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը ավարտել են ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը: Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը համաձայնեցվել է, և էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարությամբ զբաղվող իրանական ընկերությունները շուտով կսկսեն Հայաստանում կայանի կառուցումը: Չիթչիանը նշել է, որ իրանական ընկերություններն ակտիվորեն աշխատում են աշխարհի 41 երկրում: Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |