ԱՄՆ Պետդեպը մտահոգված է խուզարկություններով «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում![]() 29 դեկտեմբերի 2014 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը չափազանց մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փակել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը Բաքվում: Այդ մասին ասվում է դեկտեմբերի 27-ին հրապարակված հայտարարության մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, կան տեղեկություններ, որոնց համաձայն Ադրբեջանի մայրաքաղաքում ձերբակալվել ու հարցաքննվել են մի քանի լրագրողներ: «Հարցաքննությունների ու խուզարկության դրդապատճառները պարզ չեն»,-հայտարարել է նա ու կոչ արել Ադրբեջանի կառավարությանը պահպանել բոլոր պարտավորությունները մամուլի ազատության պաշտպանության հարցում, հայտնում է Contact.az-ը: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Նման խուզարկություններ իրավապահ մարմիններն անցկացրել են նաև IREX և Ժողովրդավարության ազգային ինստիտուտի գրասենյակներում: Երկու կազմակերպություններն էլ փակվեցին: Գրասենյակի աշխատակից, հայտնի ընդդիմադիր լրագրող Հադիջա Իսմայլովան ձերբակալվեց դեկտեմբերի 5-ին լրագրող Տուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու փորձի համար: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Իսմայլովան հայտնի է առաջին հերթին ադրբեջանական վերնախավի շրջանում կոռուպցիայի դեպքերի հետաքննություններով, այդ թվում, Ալիևների և Փաշաևների հզոր կլանի բազմամիլիադանոց բիզնեսին նվիրված հրապարակումներով: Նա իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է: Դրա համար նա մշտապես գտնվում է իշխանությունների ճնշման ներքո՝ ներառյալ դատական հետապնդումը, հալածանքները իշխանամետ ԶԼՄ-ներում և անձնական կյանքի ինտիմ մանրամասների հրապարակումը: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: 2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։ Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |