Հոլոքոսթի զոհերի հիմնադրամը եզակի տեսագրված վկայություններ կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին

Հոլոքոսթի զոհերի հիմնադրամը եզակի տեսագրված վկայություններ կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի Տեսապատմության և կրթության ինստիտուտը կներկայացնի Հայոց ցեղասպանության մոտ 40 տեսագրված վկայություն: Վկայությունները հիմնադրամին է ներկայացրել Հայ կինոյի հիմնադրամն ու Տեսանյութերի պատմական արխիվը: «Նախագիծը կմեկնարկի ֆիլմի ցուցադրությամբ, որը լույս է սփռում մարդկության պատմության ամենասարսափելի ու քիչ ուսումնասիրված դրվագներից մեկի վրա»,-ասել է Ինստիտուտի հետազոտությունների և փաստաթղթերի գծով տնօրեն Կարեն Ջանգբլաթը:

Ըստ հիմնադրամի կայքի, հարցազրույցները ներառում են ոչ միայն Ցեղասպանությունը վերապրած հայերի, այլ նաև օսմանցի թուրքերից տուժած այլ ժողովրդների ներկայացուցիչների՝ հույների, ասորիների ու եզդիների հարցազրույցներ: Նյութերում ընդգրկված են նաև վայրագությունների վկան դարձած քրիստոնյա քարոզիչների ու արաբ բնակիչների, ինչպես նաև վերապրածների ժառանգների ու որոշ գիտնականների հետ հարցազրույցներ:

«Այդ հարցազրույցների հավելումը ինստիտուտի արխիվային նյութերին հասանելի կդարձնի դրանք բազմալեզու լսարանի համար»,-ասել է նախագծի խորհրդական, հայագետ, պատմության պրոֆեսոր, Կալիֆորնիայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա թույլ կտա լայն հանրության ուշադրությունը սևեռել մարդկային պատմության ամենասարսափելի գլուխներից մեկի վրա:

Հարցազրույցները կատարված են օրիգինալ ձևաչափով, որոնք արտահայտում են վավերագրող ռեժիսորի ոճը՝ լսելի են նույնիսկ ռեժիսորի դիտողությունները: «Մայքլ Հակոբյանը կարծես հասանելի է դարձնում իր ֆիլմերի ետին կողմը, որն, ինչպես օրիագիրը, տեսանելի չէ հանրությանը: Հենց դա է սրություն ու անկեղծություն հաղորդում հարցազրույցին»,-ասել է ինստիտուտի հետ ծրագրերի համակարգող Գրեգ Եդալյանը:

Հիմնադրամն արդեն երկու ազդագիր հոլովակ է ներկայացրել վերապրածների վկայություններով: Նրանցից մեկը՝ 1987 թվականի զրույց է, որտեղ Միհրան Անտոնյանը պատմում է այն մասին, թե ինչպես են 1916 թվականին նրա ընտանիքին բռնագաղթել Արևմտյան Հայաստանից և ինչպես է նա կորցրել իր ընտանիքի ութ անդամներին: Երկրորդ հոլովակը 1993 թ. հարցազրույցն է Հարություն Այվազյանի հետ, որը պատմում է այն մասին, որ վերապրել է միայն այն բանի շնորհիվ, որ մայրը նրան մանկատուն է հանձնել: «Նույնիսկ նրանք, ով վերապրեց այս ամենը, անդառնալիորեն շատ թանկ բան կորցրեցին, որը յուրաքանչյուր մարդու անբաժանելի իրավունքն է՝ մանկությունը: Մենք զրկվեցինք մանկության իրավունքից»,-ասում է իր հարցազրույցում Այվազյանը:

Այս վկայությունները հիմք են հանդիսացել Հայոց ցեղասպանության մասին Հակոբյանի ֆիլմերի, այդ թվում «Էմմիի» երկու անվանակարգերի 1976 թվականի դափնեկիր «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմի ու «Վկաների եռագրության» համար՝ «Լճի ձայները», «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» և «Կարմրած գետը»: «Նա հասկանում էր կենդանի վկայությունների պահպանման ամբողջ կարևորությունը, մինչ վերապրածների ձայներն ընդմիշտ կլռեին»,-ասում է Հայ կինոյի հիմնադրամի ներկայացուցիչ Կառլա Կարապետյանը: «Այժմ այդ ձայները հասանելի են ուսանողների ու դասախոսների, գիտնականների ու լայն հանրության համար գլոբալ մասշտաբով»:

2010-ի ապրիլին Հարավային Կալիֆորնիայի Շոա համալսարանի հիմնադրամն ու Հայ կինոյի հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել հանգուցյալ Ջորջ Մայքլ Հակոբյանի (ամերիկահայ ռեժիսոր, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի հեղինակ) բոլոր հարցազրույցները թվայնացնելու մասին, որոնք ձայնագրվել են 1972-2005 թթ.:

Հարցազրույցների ամբողջական հավաքածուն նախատեսվում է ինտեգրել Հիմնադրամ մինչև ընթացիկ տարվա աշունը: Հարավային Կալիֆորնիայի Շոա համալսարանի Տեսապատմության ու կրթության ինստիտուտը զբաղվում է Հոլոքոսթն ու այլ ցեղասպանություններ վերապրածների վկայությունների աուդիո- և տեսանյութերի ստեղծմամբ ու պահպանմամբ: Ջ. Մայքլ Հակոբյանը 70 փաստագրական ու կրթական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում նաև հայերի ու Հայոց ցեղասպանության մասին 17 ֆիլմերի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---