ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու գնդակոծությունը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու գնդակոծությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցու գնդակոծությունը: «Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։ Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը»,-ասվում է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:

Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին նախկինում բազմիցս է դարձել իսլամիստների թիրախը: Ռազմավարական նշանակություն այն չունի, Հալեպի բնակիչները, ոչ միայն հայ կաթոլիկները, հաճախ են օգտվում եկեղեցու ջրհորներից ջրի պակասի պատճառով: Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հարվածներ են հասցվել նաև մոտակա բնակելի թաղամասերին:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

2014-ի սեպտեմբերին ԻՊ-ն ականապատեց և պայթեցրեց սիրիական Դեր Զորում գտնվող Սբ Նահատակաց հայկական եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։Եկեղեցին տուժել էր նաև 2012-ին սիրիական զորքերի ավիահարվածի ժամանակ:

2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները թալանեցին Ռաքքայի հայկական եկեղեցին՝ վայր նետելով նաև խաչը, իսկ 2014-ի գարնանը Քեսաբի վրա հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---