Արցախում զինվոր է վիրավորվել․ Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

Արցախում զինվոր է վիրավորվել․ Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992-ին ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:

Միջադեպի մանրամասները ճշտվում են, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՊԲ-ից տեղեկացրել էին, որ նախօրեին՝ հունվարի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:

Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

Այսօր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից տարեսկզբին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

Կարդացեք նաև՝ Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. ՊՆ ղեկավարի 7 կետանոց հրամանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---