Ռուս զինծառայողը գրել է Facebook-ում, որ Գյումրիի ռազմակայանում հատուկ դրություն է հայտարարված (թարմացված)

Ռուս զինծառայողը գրել է Facebook-ում, որ Գյումրիի ռազմակայանում հատուկ դրություն է հայտարարված (թարմացված)

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում հատուկ դրություն է հայտարարված: Այս գիշեր այդ մասին են հայտնել մի շարք ռուսական ԶԼՄ-ներ: Նրանք բոլորը հղում են կատարում ռուս զինծառայողներից մեկի գրառմանը Facebook-ում, որն այդպես էլ գրել է. «Ռազմակայանում հատուկ դրություն է»: Որևէ մեկնաբանություններ պաշտպանության նախարարությունը չի արել, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը:

Ավելի ուշ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հայտարարել է, թե ցնցված են սարսափելի ողբերգությամբ, և սգում են եղբայրական հայ ժողովրդի հետ միասին:

«Ցավակցում ենք մահացածների հարազատներին ու մտերիմներին: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ամրության բազմաթիվ փորձություններ է անցել: Հիմա ևս մեկ փորձության ժամանակն է եկել: Նման հանցագործություններ կատարող անձինք ազգություն չունեն: Վստահեցնում եմ, որ այս հանցագործությունը կատարողն ամենախիստ պատիժն է կրելու: Տվյալ պահին ՀՀ և ՌԴ քննչական մարմինները համատեղ անցկացնում են այս անմարդկային հանցագործության համակողմանի և օբյեկտիվ քննությունը»:

Նա հավելել է, թե ռազմական բազայի հրամանատարությունը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերելու զոհվածների ընտանիքին:

Հունվարի 14-ին Երևանում և Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով ՀՀ արդարադատությանը հանձնել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին: Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական ռազմակայանում, որի մոտ նույնպես բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում:

«Ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ամբողջ ժողովրդին` այս ոճրագործությունն ամբողջ ժողովրդի խնդիրն է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ: Վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում և բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին»,-ասել է գլխավոր դատախազը՝ դուրս գալով ՀՀ նախագահի նստավայրից:

Ընթերցեք նաև. Գյումրեցիների ցույցը, երևանցիների երթը, Պերմյակովի մեղադրանքն ու գլխավոր դատախազի խոստումը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---