12  15.01.15 - ՀՀ կառավարություն. Կառավարության նիստ

Սահմանամերձ 31 համայնքում իրականացվող գործունեությունն ազատվել է հարկերից

Սահմանամերձ 31 համայնքում իրականացվող գործունեությունն ազատվել է հարկերից

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը` Կառավարությունը հունվարի 15-ին հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք:

«Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները և կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով:

«Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

Եվ այսպես, Կառավարության որոշմամբ, ընտրվել է 4 մարզից 31 գյուղ՝ Արարատից Երասխը, Վայոց Ձորից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Գեղարքունիքից՝ Վահանը, Տավուշից՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները:

2014-ինոյեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քվեարկության դրված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծն ընդունվել է. ձայների հարաբերակցությունը` 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ավելի վաղ Կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:

Կարդացեք նաև` Սահմանամերձ 32 համայնքում գազի, հոսանքի ու ոռոգման ջրի համար կես գին կվճարեն

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---