ԵՄ-ն ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համար ևս 77.5 մլն եվրո է հատկացրել. Կիրականացվի 8 համաձայնագիր16 հունվարի 2015 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ մոտ 77,5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: «Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել գործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով: Մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտների և պետական կառավարման մարմինների կատարելագործման, և թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով: Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցությունը Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործակցության առանցքային բաղադրիչներից է: Անցած տարեվերջին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքվեց տարբեր ոլորտների աջակցության վերաբերյալ 8 համաձայնագիր: Ներկայում իրականացման փուլում են գտնվում Եվրոպական միության աջակցության շրջանակում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև ակնկալում ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել այս գործիքի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները», - ողջույնի խոսքում ասել է վարչապետը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է՝ Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: «Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»,- ասել է նա և հավելել, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է: Համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ գործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը: Տրայան Հրիսթեան նշել է, որ երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր գործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում: Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ գործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր: Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագիր նույնպես համաձայնեցվել է՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5,5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները: ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո): Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և Եվրոպական միության՝ երկկողմ գործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |