Stratfor. ՀՀ-ն կարող է վերանայել ՌԴ հետ հարաբերությունները

Stratfor. ՀՀ-ն կարող է վերանայել ՌԴ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսն ու Հայաստանը կարող են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ Արևմուտքի հետ վերջինիս դիմակայության պայմաններում: Այս մասին ասվում է Stratfor վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում:

Stratfor ընկերությունը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հավաքագրմամբ ու վերլուծություններով: Կազմակերպության մշակած տեղեկատության որոշակի հատվածը հրապարակվում, է իսկ զգալի մասը համարվում է գաղտնի և ծառայում է ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության դեպարտամենտի, ԱՄՆ-ի ծովային մոտոհրաձգային կորպուսի և ևս մի շարք ամերիկյան խոշոր կորպորացիաների օգտագործմանը: WikiLeaks-ը ժամանակին հրապարակեց ընկերության գաղտնի փաստաթղթերի մի մասը:

Ըստ կենտրոնի վերլուծաբանների, Բելառուսն ու Հայաստանը, հավանաբար, կշարունակեն ռազմավարական կողմնորոշումը դեպի Ռուսաստանը, սակայն մշտապես վերանայելու են իրենց դիրքորոշումը կախված Մոսկվայի ու Արևմուտքի միջև դիմակայության հետևանքներից:

Փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ին մամուլի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանն, ըստ փորձագետների, «աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի»:

Զեկույցում առանձին անդրադարձ կա երկու երկրներից յուրաքանչյուրին: Նշված է, որ Հայաստանը երկար ժամանակ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվայի հանդեպ Հայաստանի կողմնորոշման հիմնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունն է: Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Ռուսաստանը դարձավ Հայաստանի անվտանգության դե ֆակտո երաշխավորը: «Հայաստանում տեղակայված ռուսական 5 հազարանոց զորախումբը զսպում է տարածքները վերադարձնելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները, ինչպես նաև պաշտպանում է ՀՀ սահմանները հարևան մեծ տերությունների՝ Թուրքիայի ու Իրանի հետ»,-ասվում է զեկույցում:

Stratfor-ի վերլուծաբանները նշում են, որ ուկրաինական ճգնաժամը ազդել է ղարաբաղյան հակամարտության վրա: Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով աճել է լարվածությանը, հրադադարը խախտման բռնկումներ տեղի ունեցան 2014-ի օգոստոսին, իսկ նոյեմբերին ադրբեջանական ԶՈւ խոցեցին հայկական ուղղաթիռը: Ադրբեջանը մանևրելու ավելի մեծ հնարավորություն ունի էներգետիկ ռեսուրսների, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը բևեռված է Ուկրաինայի վրա, ասվում է զեկույցում:

«Այս գործոնները ստիպում են Հայաստանին մտածել անվտանգության երաշխավորի դերին Ռուսաստանի հավատարմության մասին, առավել ևս, որ Մոսկվան թույլ արձագանքեց հայկական ուղղաթիռի խոցմանը: Հայաստանը պատասխան որևէ ուժեղ գրոհ չձեռնարկեց, իսկ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ ուղղաթիռը շեղվել էր կուրսից, ու հայտնեց, որ միջադեպի պատճառով պաշտոնանկություններ են եղել»,- ասվում է զեկույցում։

Ըստ վերլուծաբանների, այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչից կարող են փորձել օգտվել Արևմուտքը և Թուրքիան: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները կարծում են, որ «Հայաստանը զգուշավոր է լինելու՝ շատ չշեղվելու համար Ռուսաստանից»:

«Նույնիսկ չնայած Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի անդամների սպանությանը և դրան հաջորդած իրադարձություններին, պաշտոնական Երևանը սատարեց Մոսկվային: Օհանյանն ասաց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերություններում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը տարածաշրջանային մեծ խնդիրներ է լուծում»,-նշել են փորձագետները:

Ռուսաստանի ռազմական աջակցությանը Հայաստանի համար չափազանց կարևոր է, բայց ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կամ սրացումը, կարող է փորձաքար դառնալ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի դիրքորոշման համար, կարծում են Stratfor-ի վերլուծաբանները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---