ԶԼՄ-ներ. Հայաստանի ասորիները կոչ են անում աշխարհին կանխել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում

ԶԼՄ-ներ. Հայաստանի ասորիները կոչ են անում աշխարհին կանխել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Հայաստանի ասորիների համայնքը կոչ է անում համաշխարհային գերտերություններին կանխել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարել է ասորիների «Արութ» միության նախագահ Արսեն Միխայլովը:

«Քրիստոնյա ասորիների վիճակը Մերձավոր Արևելքում ուղղակի սարսափելի է…Ասորիները 1980 թ. ի վեր և մինչ օրս ցեղասպանության են ենթարկվում»,-մեջբերում է Միխայլովի խոսքը Armenia Today-ը:

Միխայլովը կոչ է արել գերտերություններին խուսափել երկակի չափանիշներից: Նա հորդորել է անհապաղ ուշադրություն դարձնել Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակին և փրկել քրիստոնյա ասորիներին ցեղասպանությունից:

Իր հերթին ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ իրադարձությունները Մերձավոր Արևելքում ամբողջ քրիստոնյա աշխարհի խնդիրն են: Ըստ նրա, այդ տարածքներից քրիստոնյաների վտարումը ամենածանր հետևանքները կունենա:

«Ասորիները ցանկանում են, որ քրիստոնյա աշխարհն իր ձայնը բարձրացնի ու դատապարտի Իրաքում և Սիրիայում իրականացվող քրիստոնյաների ցեղասպանությունը: Կոչ ենք անում ոչ միայն Հայաստանի ղեկավարությանը, այլ նաև ամբողջ աշխարհին կանխել այդ ոճրագործությունը, քանի որ յուրաքանչյուր պատերազմ դա ցեղասպանություն է»,-ասել է Խոսրոևը:

Հավելենք, որ ՄԱԿ-ում հնչել են հայտարարություններ, որ «Իսլամական պետության» գործողությունները կարող են ցեղասպանության հանգեցնել Մերձավոր Արևելքում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---