ԲՀԿ-ն նոր առաջնորդ ունի. Գագիկ Ծառուկյանին փոխարինել է Նաիրա Զոհրաբյանը

ԲՀԿ-ն նոր առաջնորդ ունի. Գագիկ Ծառուկյանին փոխարինել է Նաիրա Զոհրաբյանը

PanARMENIAN.Net - «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները», - հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի 5-ին կուսակցության արտահերթ համագումարին հնչեցրած իր ելույթում։

Նա ընդգծել է, որ որոշումն ընդունելը հեշտ չէր՝ երկար մտորումների արդյունք էր և այն անձնական որոշումն է: ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը շեշտել է՝ քաղաքականության մեջ լինելու տարիներին երբեք անձնական շահ չի հետապնդել:

«Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին, բայց որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան»,- ասել է նա՝ խնդրելով իրեն այլևս քաղաքական հարցերով չդիմել, քանի որ որևէ կապ այլևս չունի ԲՀԿ-ի հետ:

Իսկ ԲՀԿ նոր առաջնորդի պաշտոնում առաջարկել է Նաիրա Զոհրաբյանին՝ հաշվի առնելով «նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին»: Այլ թեկնածություն չի առաջադրվել: Քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է որպես կուսակցության նախագահ, հայտարարել է կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը:

ԲՀԿ նորընտիր նախագահն առաջին ելույթով «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է ընդդիմություն. «Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև անդրադարձել է վերջին իրադարձություններին. «Հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ, և դրա համար երևի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին:

Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա»:

Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է աշխատել, կողմ է ներկուսակցական քննարկումներին և բանավեճերին, իսկ եթե նկատի, որ իր աշխատանքն արդյունք չի տալիս, վայր կդնեմ ԲՀԿ նախագահի լիազորությունները:

Փետրվարի 5-ի ԲՀԿ խորհրդաժողովում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

Երկու օր անց առևանգվել և ծեծվել էր ՓՄՁ բողոքի ցույցերին մասնակցող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը, ինչը կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում գնահատվեց որպես «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա»:

Ապա հետևել էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»:

Փետրվարի 17-18-ին տեղեկություններ տարածվեցինԾառուկյան-Սարգսյան բանակցությունների մասին՝ Մոսկվայից ժամանած Սամվել և Կարեն Կարապետյանների ու ՀՅԴ միջնորդությամբ: «Բոլոր նրանք, ովքեր ուզում էին երկու կողմի բախումից ձեռքերը տաքացնել, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»,- հանդիպման մասին տեղեկությունը հաստատելով հայտարարել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:

Իր հերթին Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դադարեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը՝ հավելելով, որ «պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու»: Նա նշել է, որ ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցնում է՝ գիտակցելով դրա անհաջողության մեջ պատասխանատվության իր բաժինը:

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյան vs Սերժ Սարգսյան. Փետրվարյան իրադարձությունների ժամանակագրություն

 Ուշագրավ
---