ԶԼՄ-ներ. Հայաստանը դեռևս մտադիր չէ անցնել ԵՏՄ միասնական արժույթի![]() 18 մարտի 2015 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ: Մինչդեռ որոշ փորձագետներ կարծում են, որ անցումը միասնական արժույթին այդքան հեշտ չի լինի, ինչպես ենթադրվում է: Մասնավորապես, ԵՏՄ անդամներից մեկը՝ Հայաստանն, արդեն տեղեկացրել է, որ մտադիր չէ անցում կատարել ԵՏՄ երկրների հետ միասնական արժույթի, գրում է Oilnews.kz-ն: Հայաստանի Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միութենական արժույթին անցնելու նպատակով: «Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի: Նույնը կարող եմ ասել ծրագրերի մասին, որ այս պահի դրությամբ նման ծրագրեր, նման քննարկումներ Կենտրոնական բանկում չկան», - հայտարարել է ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Ըստ նախնական տվյալների, ԵՏՄ միասնական արժույթը կհայտնվի արդեն 2016-ին: «Ըստ իս, նոր արժույթը կարող է ներմուծվել արդեն 2016-ի հունվարի 1-ից: Քաղաքականությունն է որոշում տնտեսությունը»,-ասել է Ռազուվաևը: «Արժույթը կարելի է ներմուծել ընդամենը 2 տարուց»,-հակադարձել է Գայդարի ինստիտուտի միջազգային լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կնոբելը: Սակայն, դրա համար հարկավոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵՏՄ անդամների քաղաքական կամքը: Ըստ նրա, լիարժեք տնտեսական ինտեգրումն անհնար է առանց միասնական արժույթի: «Եվրասիական արժույթի գաղափարը, մեղմ ասած, արդիական է: Սակայն, հարց է, թե ինչ էր մտածում ՌԴ կառավարության տնտեսական հատվածն ու ԿԲ ղեկավարությունն անցյալ տարի: Արժեզրկումը խարխլեց վստահությունը ռուբլու հանդեպ, ռուսական բաժնետոմսերի ու պարտատոմսերի հանդեպ: Վստահությունն արժույթի հանդեպ տարիներով է վաստակվում: Ալտինին դեռ տարիներ կպահանջվեն ռուսական ռուբլու բացասական ժառանգությունից ձերբազատվելու համար: ԿԲ-ն ու կառավարությունը կարող էին խուսափել զանգվածային արժեզրոկւմից: Ուկրաինական իրադարձություններից անմիջապես հետո հարկավոր էր բարձրացնել տոկոսադրույքը, պարտադիր պահուստավորման նորմերը բանկերի համար, պարտադրել արժութային հասույթի առնվազն 75 տոկոսի վաճառքը և այլն: Սակայն, ոչ մի բան չարվեց: Հիմարություն է դա թե դավաճանություն՝ հարցը բաց է մնում: Ըստ իս, ալտինը կարող է հայտնվել արդեն 2016-ի հունվարի 1-ից»,-ասել է Ռազուվաևը: IFC Markets-ի վերլուծաբան Դմիտրի Լուկաշովը կարծում է, որ միասնական արժույթի ստեղծումը հնարավոր է տնտեսապես: Սակայն իրականում դա բարդ կլինի անել, քանի որ պահանջում է օրենսդրության փոփոխություն և լուրջ քաղաքական հակազդեցության կհանդիպի յուրաքանչյուր երկրում: Նա կարծում է, որ միասնական արժույթի փոխարժեքի ֆիքսումը գործնական իմաստ չունի, քանի որ նրա ստեղծման նպատակը անկախ վճարային միջոցի ստեղծումն է անդամ երկրների միջև: Ըստ էության, միասնական արժույթը պետք է փոխարինի դոլարի շրջանառությանը ԵՏՄ միջազգային հաշվարկներում և ապահովի ներդրումային նախագծերի ֆինանսավորումը: Արդյունքում, դոլարները, եվրոն, յենը, զարգացած երկրների մյուս արժույթները դուրս կմղվեն ԵՏՄ տարածքից: Բնականաբար, դա ձեռնատու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ ԱՄՀ-ի պես միջազգային կառույցներին: «Ֆինամ» ներդրումային հոլդինգի վերլուծաբան Անտոն Սորոկոն նշել է, որ արժութային ինտեգրումը հետխորհրդային երկրների տնտեսական միավորման կարևորագույն քայլերից է: ԵՏՄ գնում է ԵՄ ճանապարհով, սակայն, հուսանք, հաշվի կառնի այն սխալները, որ արվեցին եվրոպական միության ստեղծման ժամանակ: Եվրոպան այդպես էլ չկարողացավ լիարժեք տնտեսական համախմբում ապահովել՝ ԵՄ բոլոր երկրների բյուջեները տարբեր են, իսկ արժույթն ու մոնետար քաղաքականությունը՝ նույնը, գտնում է նա: Տնտեսագետ Սայան Կոմբարովը կարծում է, որ միասնական ֆիատ-արժույթի ներմուծումը ԵՏՄ տարածքում, հաշվի առնելով եվրոյի բացասական փորձը, նպատակահարմար չէ: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ պայմաններով կգնվեն պետական կարճաժամկետ պարտատոմսերը բանկերի կողմից: Բյուջեի պակասուրդի ու պետական ծախսերի ֆինանսավորումն էմիսիայի հաշվին կհանգեցնի խնայողներից ու աշխատողներից հարստության փոխանցմանը պետական պատվերներ ու սուբսիդիաներ ստացողներին: Փոխշահավետ կերպով կարելի է ներմուծել ազգային արժույթների ապրանքային ապահովում: Այդ դեպքում նրանք կունենան ֆիքսված հարաբերակցություն և ավոտմատ կերպով շուկայական կարգավորում կապահովեն փողի զանգվածի համար: Դա թույլ չի տա ֆինանսավորել բյուջեների պակասուրդն արժույթի արժեզրկման հաշվին: Ապրանքային ապահովումը և արժույթների գրանցված փոխարժեքը թույլ կտան հավասարակշիռ առևտուր ապահովել ԵՏՄ երկրների միջև: Տնտեսագետ, Ղազախստանի Ազգային բանկի ղեկավարի խորհրդական Օլժաս Խուդայբերգենովը կարծում է, որ մի շարք փորձագետներ շտապել են սխալ եզրակացություններ անել այն մասին, թե արժույթը կհայտնվի արդեն 2016-ի հունվարի 1-ին: Փաստարկները մի քանիսն են: Առաջինը՝ հանձնարարությունը բավականին մեղմ է՝ «ուսումնասիրել միասնական արժույթի ներմուծման նպատակահարմարությունը և հեռանկարում արժութային միության ստեղծումը»: Այսինք, գործընկերներին ինչ-որ բան առաջարկելուց առաջ, դեռ իրենք պետք է հասկանան, արդյոք դա շահավետ է: Եթե որոշեն, որ այո՝ շահավետ է, ապա հետո հարցը պետք է դրվի ԵՏՄ անդամ պետությունների քննարկմանը: Դա տրամաբանական է, ցանկացած պետություն ունի այդ իրավունքը: Որևէ հրահանգ կամ պարտադրանք այստեղ չկա: Երկրորդը՝ եթե Ռուսաստանը գա այն եզրակացության, որ արժութային միությունը շահավետ է, ապա կսկսվի քննարկումների, խորհրդակցությունների, համաձայնեցումների երկար գործընթացը, որը տարիներ է պահանջում: Այսինքն, 2016-ի հունվարի 1-ից միասնական արժույթի ստեղծման հավանականությունը հավասար է զրոյի: Երրորդը՝ արժութային միությունը չի կարող գործել առանց միասնական կանոնակարգողի, որն ըստ ԵՏՄ մասին պայմանագրի «տեղակայվելու է Աստանայում 2025 թ.»: Այլ կերպ ասած, արժութային միությունը կարող է ստեղծվել միայն 2025-ից հետո: Չորրորդը՝ դժվար է դատել, թե ինչ կտա այդ միությունը Ղազախստանին, քանի որ նույնիսկ հայեցակարգ դեռ մշակված չէ: Եթե դա լինելու է միասնական արժույթ, որը փոխարինելու է ազգային արժույթները, այդ թվում տենգեն, ապա դա վնասում է երկրի ինքնիշխանությանը, որին հազիվ թե համաձայնվեն ԵՏՄ երկրները, որոնց թվում նույնիսկ Թուրքիան կարող է հայտնվել: Եթե ենթադրվում է միասնական արժույթ անդրազգային իմաստով, ապա դա չի վնասում երկրի ինքնիշխանությանը, ուստի կարելի է քննարկել: Եթե այդպիսի կառուցվածք առաջարկվի, ապա հարցը միայն կազմակերպչական կլինի, թեև բաց է մնում հիմնական հարցը՝ դա ի՞նչ կտա Ռուսաստանին: Հինգերորդը՝ արժութային միությունը որպես նախաձեռնություն տեղին է այն պահին, երբ անդամ երկրների տնտեսություններն աճ են գրանցում մի քանի տարի շարունակ, աճում է փոխադարձ շրջանառությունը, ազգային արժույթները կայուն են, չկան արտաքին խոչընդոտներ պատժամիջոցների ձևով: Այս պահին այդ պայմաններից ոչ մեկը չի գործում: Ուստի փորձագետների կարծիքները միասնական արժույթի արդիականության մասին, ոչ միայն սխալ են, այլ նաև ենթադրում են ավելորդ բեռ երկրների համար, երբ խնդիրներն առանց այդ էլ շատ են: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |