Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. Քննարկվե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանության թեման

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. Քննարկվե՞լ է արդյոք Հայոց ցեղասպանության թեման

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Հայոց ցեղասպանության թեման: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի, կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Ղրիմի թաթարների խնդիրները: Ըստ գործակալության, կարճ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան գերադասում է դիտարկել այդ հարցը «արդար պատմական հեռանկարի տեսակետից»: Ըստ նրա, Հայաստանն «ականջալուր չեղավ խաղաղության կոչերին և չհամաձայնվեց պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել»:

Մինչդեռ, Կրեմլի մամուլի ծառայությունը չի հիշատակում երկու նախագահների հեռախոսազրույցում Ցեղասպանության թեմային անդրադարձը: «Բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հարցեր, Բարձր մակարդակի գործակցության խորհրդի 5-րդ նիստում (Անկարա, 2014-ի դեկտեմբերի 1) ընդունված կարևոր որոշումների իրագործման ընթացքը, ներառյալ «Թուրքական հոսքը»: Կարծքիներ են փոխանակվել արդիական միջազգային հարցերի ու տարածաշրջանային խնդիրների շուրջ և բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցով»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նրանք քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիա կմեկնի Անգլիայի թագաժառագ արքայանզ Չարլզը որդու՝ Հարիի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---