«Արարատի ստորոտին» մեդիա ֆորումում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր է ընդունվել![]() 20 մարտի 2015 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային մեդիա ֆորումի մասնակիցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր են ընդունել: Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային մեդիա ֆորումի մասնակից, տարբեր երկրներ, ազգություններ ու դավանանքներ ներկայացնող լրագրողներս, հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդին և հարգում ենք 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Մենք հանդես ենք գալիս հայության և նրա եզակի բազմադարյա մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի հայրենազրկությանն ուղղված իրադարձությունների համաշխարհային դատապարտման օգտին՝ իրադարձություններ, որոնք ուղեկցվել են զանգվածային կոտորածներով, ջարդերով ու էթնիկ զտումներով»: Հռչակագիրը ողջունում է Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև Արգենտինայի, Բելգիայի, Կանադայի, Չիլիի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիտվայի, Լիբանանի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուրուգվայի, Վատիկանի, Վենեսուելայի և Բոլիվիայի կառավարությունների որոշումները XX դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ: «Հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք չենք կարող անտարբեր մնալ Թուրքիայի և մի շարք այլ երկրների ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու փորձերի հանդեպ: Մենք դատապարտում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտումը որպես պատմական փաստերի կեղծում, այդ ողբերգության պատճառների, մեխանիզմների ու հետևանքների խեղաթյուրում: Անդրադառնալով պատմական վաղեմության փաստերին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում լրագրողներին, որոնք Օսմանյան կայսրությունում կատարվող սարսափելի ոճրագործությունների մասին տեղեկությունները հասցրին աշխարհին: Մենք գիտակցում ենք զանգվածային լրատվության միջոցների դերն ու նշանակությունը և նրանց հիմնական խնդիրն ենք համարում աջակցությունը երկխոսությանը բոլոր ժողովրդների միջև: Մենք դիմում ենք աշխարհի բոլոր երկրների մեր գործընկերներին՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, հավերժացնելու համար զոհերի հիշատակն ու թույլ չտալու, որ ԶԼՄ-ները լռության մատնեն անցյալի սարսափելի ոճիրները՝ որակելով դրանք որպես մեղսակցություն մարդկության դեմ նոր հանցագործություններին, կասեցնել Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի և ռասիզմի ու այլատյացության հիմքի վրա մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների փաստի նսեմացման ցանկացած փորձ, համախմբել ջանքերը՝ վերականգնելու համար պատմական արդարությունն ու ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-ասվում է հռչակագրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |