ՀՀ նախագահ. Չանաքքալեի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելն Էրդողանի հերթական ցինիկ քայլն է

ՀՀ նախագահ. Չանաքքալեի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելն Էրդողանի հերթական ցինիկ քայլն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցինիկ քայլ է անվանել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը: Այս մասին նա հայտարարել է France 24-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, Հայաստանի նպատակն էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը թուրքական կողմի հետ միասին, հենց այդ պատճառով Թուրքիայի նախագահը հրավիրվեց Երևան այդ ողբերգական իրադարձություններին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«Անշուշտ, Գալիպոլիի ճակատամարտը ոչ սկսվել, ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին: Այդ ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման օրը փոխելու նպատակն էր վնասել հայ ժողովրդին, նվաստացնել և խանգարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին»,-ասել է Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ, արդարացնելով Չանաքքալեի միջոցառման օրը մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխելու որոշումը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց,. «Մենք նշում էինք այդ օրը մարտի 18-ին, իսկ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բանակները՝ ապրիլի 24-ին: Մենք ընտրեցինք այդ օրը միայն միասին տոնելու նպատակով»:

Հայաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ վերածել միջոցառումները հակաթուրքական հիստերիայի ալիքի:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն առանձնահատուկ խորհուրդ ունի: Երբ Թուրքիայի իշխանությունները հասկացան, որ գնալով ավելանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները, նրանք որոշեցին, որ այս խորհրդանշական տարում պետք է խանգարեն միջոցառումների անցկացմանը»,-ասել է Սարգսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---