Ուորլիք. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն պետք է դարձնենք

Ուորլիք. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն պետք է դարձնենք

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր` մարտի 31-ին, Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին կզեկուցի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին:

«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Մինչև այս ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները քննարկելիս տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից բացի, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ևս մարտի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը հայտարարություն էր ներկայացրել՝անդրադառնալով մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 զինծառայող: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել էր, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արվել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---