Հրադադարի խախտման դեպքերը մեկ շաբաթվա տարբերությամբ կրկնակի նվազել են

Հրադադարի խախտման դեպքերը մեկ շաբաթվա տարբերությամբ կրկնակի նվազել են

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն:

Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախորդ շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Ավելի ուշ Ստեփանակերտի հոսպիտալում մահացել էր 1995-ին ծնված Սամվել Հակոբյանը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---