Կիպրոսի ԱԳ նախարար. Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի իրագործած ոճրագործությունը![]() 4 ապրիլի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախօրեին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար և վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Նա նշել է, որ հայ-կիպրական միջպետական հարաբերություններում հատուկ դեր է վերապահված օրենսդիր մարմիններին: Հայաստանի և Կիպրոսի միջև առկա միջխորհրդարանական հարաբերություններն առանձնանում են իրենց շարունակական ակտիվությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակնկալում է, որ երկու խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, սակայն դրանց կարգավորման միջոցների առումով ընդհանուր մոտեցումը նույնն է՝ առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանի համար այս ձևաչափը չունի այլընտրանք, և սա է մեր սկզբունքային դիրքորոշումը»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը ևս մեկ անգամ փաստել է, որ Հայաստանը դեմ է պատերազմին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան: Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նախորդ տարի իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողություններին ու նշել, որ այդ օրերին Հայաստանում ազգը և բանակը միավորվել էին մեկ գաղափարի շուրջ: Նա նշել է նաև, որ Ադրբեջանը հրաշալի գիտակցում է հնարավոր պատերազմում իր ջախջախիչ պարտությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունը և համատեղ ծրագրերի արդյունավետությունն առավել զարգացնելու ուղիները: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է նաև Համայն Կիպրոսի և Նովա Յուստինիանիի արքեպիսկոպոս Խրիստոմոս Երկրորդը: Այցելություն է եղել նաև Բյուզանդական թանգարան, որտեղ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակությունը Երևանում կլինի ապրիլի 5-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |