«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված 5 անդամի խափանման միջոցը կալանքն է (թարմացված)

«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված 5 անդամի խափանման միջոցը կալանքն է (թարմացված)

PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված վեցերորդ անդամին՝ Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Նա կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, հայտնում է «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը:

Ապրիլի 9-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---