Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին. Խորհրդակցելու համար

Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին. Խորհրդակցելու համար

PanARMENIAN.Net - Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով, հայտնում է Tert.am-ը թուրքական Haberler կայքի վրա հղումով:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել նաև Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք է տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Դավութօղլուն դարձյալ պնդել է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, 1915 թվականի «ցավերը» տեղի չէին ունենա: Նա հայտարարել է, թե մարդկության մի մասի ցավերը հաշվի առնելն ու մյուսներին անտեսելը Պապին վայել չէ: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ դրանք «հեռու են պատմական ու իրավական իրականությունից», հայտնում է Tert.am-ը:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է:

Պատարագին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

Իսկ մինչև պատարագը թուրքական կողմն ամեն կերպ փորձում էր խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---