Էրդողանը «զառանցանք է» անվանել Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության մասին15 ապրիլի 2015 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 1915-ի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանություն անվանելու համար: Ըստ Էրդողանի, նա դատապարտում է Պապին, որը «չպետք է այլևս կրկնի այդ սխալը»: Երբ քաղաքական գործիչներն ու հոգևորականները սկսում են պատմաբանների դեր ստանձնել, կարծում է թուրք նախագահը, ապա արդյունքում ստացվում է «զառանցանք և ոչ թե փաստեր»: «Ես կցանկանայի նորից կոչ անել` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները»,-հայտարարել է Էրդողանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա: Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |