ԱՄՆ Նևադա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

ԱՄՆ Նևադա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:

Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկամամբ իրենց հանձնառության համար:

Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր ստորագրեց, որի համաձայն ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային կոչ անել ճանաչել պատմական փաստերը:

«Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-1923թթ., խլել են 1,5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազար հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ-ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է», - գրված է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալի հռչակագրում:

Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնն, իր հերթին, Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Ինչպես ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:

Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---