Մայիսին Ստամբուլում Սիսի կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս կկազմակերպվի![]() 12 մայիսի 2015 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հովվապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ուշադիր հետևում է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարևորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին` Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ, հայտնում է Panorama.am-ը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կապի մեջ է նաև հանձնախմբի այլ անդամների հետ և ուշադիր հետևում է միջազգային մամուլին և Թուրքիայի հակազդեցություններին: Ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տեղեկություն տարածեց Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարանում հայց ներակայացնելու մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Արամ Ա-ն հայտարարեց, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է: Քաղաքական իրավիճակով պայմանավորված Կիլիկիայի տարբեր շրջաններից հետո 1295-ին Կաթողիկոսարանը հաստատվեց մայրաքաղաք Սիսում: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օրվա վերջնագիր ներկայացրեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանը լքելու պահանջով: Վեհափառը, իր հետ վերցնելով ձեռագրեր, ծիսական սպասքը, ներառյալ մյուռոնի կաթսան, փոքրաթիվ միաբանների հետ հաստատվել է նախ Երուսաղեմում, ապա Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին Անթիլիասում: Մինչդեռ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |