Հաստատվել է Ժակ Շիրակի հայաստանյան այցի ծրագիրը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը սեպտեմբերի 29-ին երեքօրյա պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այդ մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: «Ժ. Շիրակն առաջին անգամ է այցելում տարածաշրջան եւ կլինի միայն Հայաստանում»,- նշել է հայ դիվանագետը` ավելացնելով, որ արդեն հաստատվել է Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցի ծրագիրը: Նրա խոսքերով, ֆրանսիական պետության ղեկավարը կժամանի Հայաստան` տիկնոջ` Բերնադետ Շիրակի ուղեկցությամբ:



«Ֆրանսիական պատվիրակության կազմի մեջ կմտնեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, պետական եւ քաղաքական գործիչներ, գործարար շրջանների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ»,- հայտնել է հայ դիվանագետը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում ծրագրվում են երկու երկրների նախագահների պաշտոնական բանակցությունները, ինչպես նաեւ ֆրանսիացի նախարարների հանդիպումներն իրենց հայ գործընկերների հետ: Նալբանդյանն ընդգծել է նաեւ, որ այցի ծրագիրը շատ հագեցած է: Նա հատկապես նշեց երկու միջոցառում, որոնցում կմասնակցեն երկու երկրների ղեկավարները: «Դա Ֆրանսիայի Հրապարակի բացումն է Երեւանում եւ Շարլ Ազնավուրի համերգը Հանրապետության Հրապարակում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին եւ կդառնա Ֆրանսիայում Հայաստանի Տարվա բացման սկիզբը»,- ասել է Նալբանդյանը: Ժակ Շիրակի այցը կավարտվի հոկտեմբերի 1-ին:
 Ուշագրավ
---