Թուրք հոդվածագիր. «Արմեն» որբանոցի համար պայքարն այսօր Գեզիի պայքարին է նման![]() 18 մայիսի 2015 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Թուզլա շրջանի գեղեցիկ բնության գրկում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի քանդման դեմ պայքարողներն այս օրերին որբանոցի նման համատեղ են ապրում: Այստեղ այս օրերին քրդերեն, թուրքերեն ու հայերեն երգեր են երգում, գրում է թուրք հոդվածագիր Բեգյում Զորլուն, հայտնում է Tert.am-ը: «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են: Hye Tert-ում հրապարակված հոդվածում մասնավորապես ասվում է. «Միջանցքը, ուր «5 քար» էինք խաղում, մեր երեխաների առաջին քայլերը, այգում վազվզելը, համատեղ ուժերով ներկած պատերը, մեր խոհանոցը, մեր հուշերով լի ֆիլմն առանց ցավ զգալու ընդհատեցին: Թույլ չտվեցին, որ մեր թոռներն էլ այնտեղ վազվզեն, թույլ չտվեցին, որ մեր մազերն այնտեղ ճերմակեն, թույլ չտվեցին…»: Ինչպես կռահեցիք՝ այս խոսքերը Ռաքել Դինքին են պատկանում: Չքանդելու համար օրեր շարունակ պայքարող ճամբարի պատմությունն էլ Ռաքելի պատմության նման «թույլ չտալու» վրա է ստեղծվել: «Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականից տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների համար»,- գրել է «Ակոս»-ը: Թույլ չտվեցին, որ երեխաներն այնտեղ մեծանան ու իրենց աշխարհը կառուցեն: Թույլ չտվեցին ողջ կյանքի համար բարեկամություն ու ընկերություն հաստատել…Թույլ չտվեցին, որ ծիծեռնակն այնտեղ հյուսի իր բույնը: Օրենքներ ստեղծելով՝ բույնը տակնուվրա արեցին, և քանդված բնի ծիծեռնակներն անօգնական օդում բողոքեցին: Ծիծեռնակի բույնը վերաշինելու ցանկությունն այն պայքարի մեծ վայրի վերածեց: Երբ այն գնեցին, դատարկ տարածք էր, և երեխաներն իրենց ձեռքերով կառուցեցին իրենց տունը: Ավելի ուշ իրենց ձեռքով կառուցված տունն առգրավեցին: Մի քանի անգամ վերավաճառվելուց հետո դրա ներկայիս տերը՝ Ֆաթիհ Ուլուսոյը, շինությունը քանդելու որոշում կայացրեց: Քանդելու դեմ մի շարք մարդկանց աջակցությամբ պայքար սկսվեց: Բազմաթիվ մարդիկ այնտեղ հերթապահություն սկսեցին: Այսօր ճամբարը Գեզի պուրակի պայքարին է նման»: Ինչպես հայտնի է, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը հարցի լուծման մասին զրուցել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հերթապահություն իրականացնող հայկական միությունների ներկայացուցիչները պահանջում են համայնքին վերադարձնել որբանոցի շենքը: Որոշմանը դեմ քաղաքացիներն արշավ էին սկսել համացանցում: Նրանք, տեղեկացնելով, որ թույլ չեն տա նման գործողություն, տեղադրում էին #KampArmen հեշթեգը: «ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամ. այն ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկ փաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այստեղ իրենց ամառն են անցկացրել մոտ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները», գրել է Ermenihaber.am-ը: Տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին: Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |