Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա19 մայիսի 2015 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հարցազրույց է տվել New York Times պարբերականին, որտեղ խոսել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատից: Նրա խոսքով, դա թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլն է, հայտնում է Panorama.am-ը: «Եթե Թուրքիայի իրավապահ մարմինները մերժեն հայցը, դա ավելի կխորացնի Թուրքիայի և 10 միլիոնանոց հայկական սփյուռքի բաժանումը»,-ասել է Արամ Առաջինը` նշելով, որ նախքան հայց ներկայացնելը խորհրդակցել է 30 իրավաբանների հետ, այդ թվում և թուրք: «Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարևոր էին, սակայն 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա: Դա եկեղեցու նստավայրն է: Դա իրավական առաջին քայլն է, որին հետևելու է եկեղեցիները, վանքերը, եկեղեցու և մարդկանց ունեցվածները վերադարձնելու մեր պահանջը: Մենք առաջ ենք շարժվելու քայլ առ քայլ»,-ավելացրել է Վեհափառ Հայրապետը: Հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, իսկ Հայկական եկեղեցու առաջնորդի կարծիքով, թուրք դատավորները հնարավոր է անտեսում են դա, թեև Քոզանի (նախկին Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը օրերս ազդանշան է տվել, որ եկեղեցին ծանր պայքար է մղելու, քանի որ սեփականության ոչ մի ապացույց չունի: Արամ Ա-ն ընդունել է, որ եկեղեցին փաստաթղթեր չունի, սակայն ապացույցների հարցն աբսուրդ է որակել` հաշվի առնելով սեփականության իրական բնույթը: «Սեփականատերն ակնհայտ է: Դա հայերն են: Ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել սեփականությունը կամ ինքնությունը կամ էլ այդ ունեցվածքների պատմությունը»,-ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` նշելով, որ երբեք հնարավորություն չի ունեցել այցելել եկեղեցու հին նստավայրը և վախենում է, որ տեղական իշխանությունները ջանք չեն խնայել ջնջելու դրա հայկական ինքնությունը: Եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան, ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանագետ Փայամ Ախավանին իր հերթին նշել է, որ եթե Թուրքիայի դատարանը մերժի հայցը, նա մտադիր է գործը տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Մինչդեռ Մարդու իրավունքների գծով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն նշել է, որ նման բովանդակությամբ սա առաջին դատական գործն է Թուրքիայում: «Դատական հայցը, որ երկուշաբթի ներկայացրեցի Թուրքիայի Սահմանադրական դատարան այս բնույթի առաջին գործն է Թուրքիայում` եկեղեցական գույքն իր տերերին վերադարձնելու պահանջով»,- ասել է նա` հավելելով, որ դատավարության ընթացքում չի շոշափվելու Հայոց ցեղասպանության հարցը: Պատասխանելով հարցին, թե ինչքան տարածք է զբաղեցնում Սիսի կաթողիկոսարանը, դատական գործով թուքական օրենսդրության մասով խորհրդատուն նշել է, որ հստակ տեղեկություն չկա, քանի որ 1983-ին և 2001-ին ընդունած հատուկ կարգավորումներով թուրքական իշխանություներն արգելել են հետազոտել հայկական գույքի գրանցամատյանները: «Որքան որ ես կարող եմ գնահատել, ելնելով նկարներից և 2 անգամ այցելելով այդ տարածքով, այն մեծ է»,- ասել է Սոֆուօղլուն, որին ևս Կոզանի վարչական շրջանի հողի սեփականության գրանցամատյաններն ուսումնասիրել արգելել են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |