Մաքուր, հարուստ ու զգացմունքային. «Շողակն» անսամբլի մենահամերգը Երևանում![]() 21 մայիսի 2015 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին «32 Թատրոնում» երևանյան մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ «Շողակն» անսամբլը՝ ներկայացնելով մաքուր, հարուստ ու զգացմունքային հայկական ավանդականերգն ու երաժշտությունը: «Շողակն» անսամբլը պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգն ու երաժշտությունը ներկայացնում է աշխարհին՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի կոմիտասյան ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը: Անսամբլը հիմնադրվել է 20 տարի առաջ՝ 1995 թվականին, Երևանում: Այն ներկայացնում է հայ ավանդական երաժշտությունը, ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ: «Շողակն» անսամբլի կազմում են հանդես գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, զուռնա), Հասմիկ Հարությունյանը (վոկալ, ուդ), Կարինե Հովհաննիսյանը (քանոն), Լևոն Թևանյանը (շվի, թավ շվի, բլուլ), Վարդան Բաղդասարյանը (քամանչա), ինչպես նաև` Ալեքսան Հարությունյանը (վոկալ, դափ), Կամո Խաչատրյանը (դհոլ) և Գրիգոր Թաքուշյանը (դուդուկ, դամ): Անսամբլը մենահամերգներով է ներկայացել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում՝ տարածելով հայ ժողովրդական և գուսանական արվեստը: 2000-ից « Շողակն» անսամբլն ակտիվ շրջագայում է համերգներով` հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում և փառատոներում, ինչպիսիք են «Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ» (ԱՄՆ), «Ռուդոլշտադտ» (Գերմանիա), Theatre de la Ville (Փարիզ): 2004 և 2008 թվականներին «Շողակնը» համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, մենահամերգներով հանդես է եկել Carnegie Hall, Kimmel Center դահլիճներում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ և ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014-ին «Շողակն» համույթը նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում և Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում: Անսամբլը և մենակատարներն ամերիկյան Traditional Crossroads և շվեյցարական Face Music ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք լավագույններից են իրենց տեսակի մեջ և արժանացել են միջազգային ու հայաստանյան հեղինակավոր մրցանակների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |