ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՏՈՐԱԳՐԵԼԻՍ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Վրաստանի բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի օպերատոր «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչները ճնշում են գործադրել վրացական կողմի վրա` նավթամուղի վրացական հատվածի կառուցումն սկսելու համար անհրաժեշտ էկոլոգիական փաստաթղթի մշակման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշել է, որ ճնշում է գործադրվել ոչ միայն իր, այլեւ բանակցություններին մասնակցող նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի նկատմամբ: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ հատկապես Շեւարդնաձեի դիրքորոշման շնորհիվ է հաջողվել նախագծի ներդրողներին ներկայացնել պայմաններ, որոնք նրանք պետք է կատարեն մինչեւ նախագծի շինարարության սկիզբը: Նինո Չխոբաձեն նշել է, որ այդ պայմանների կատարման առումով մշտական դիտարկում է անցկացվելու, ինչը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի հատուկ վարկի միջոցներից: Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի կառավարությունը ստորագրել է համաձայնագիր, որը թույլատրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի կառուցումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---