Թեստ Ցեղասպանության մասին. Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել մասնակիցների ընդամենը 1,7%-ը

Թեստ Ցեղասպանության մասին. Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել մասնակիցների ընդամենը 1,7%-ը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը մեր գիտակցության մեջ առաջին հերթին ընկալվում է որպես կոտորածների ու բռնագաղթերի մի շղթա: Սակայն Ցեղասպանության համատեքստը շատ ավելի լայն է և ընդգրկում է արտաքին քաղաքական շահերի, ներհայկական սխալների, մարդկային ողբերգության և հերոսության բազմաթիվ դրվագներ: Մոտ մեկ շաբաթ առաջ PanARMENIAN.Net ը ներկայացրեց յուրօրինակ թեստ՝ առաջարկելով ստուգել Ցեղասպանության մասին գիտելիքներն ու պատասխանել ոչ տիպական մի քանի հարցի:

Թեստը բաղկացած է 8 հարցից, որոնք անդրադառնում էին ինչպես կոնկրետ անհատների գործունեությանն ու ունեցած դերին, այդպես էլ խոշոր տերությունների որդեգրած քաղաքականությանն ու արձագանքին:

Եթե դեռևս չեք լրացրել այն, առաջարկում ենք անցնել այս հղումով և փորձել պատասխանել հարցերին: Ի դեպ, բոլոր հարցերին կարողացել է ճիշտ պատասխանել մասնակիցների ընդամենը 1,7%-ը:

Թեստում ներկայացված 8 հարցից 7-ին ճիշտ է պատասխանել 2%-ը, 6 հարցի՝ 6,1%, 5 հարցի՝ 14.5%, հարցերի կեսին ճիշտ է պատասխանել թեստը լրացնողների 23.1%-ը, և վերջապես ոչ մի հարցի ճիշտ չի պատասխանել մասնակիցների 8,3%-ը:

Թեստը լրացնողների գերակշիռ՝ 79%-ը Հայաստանից է: Այնուհետև հաջորդում են մասնակիցներն Ավստրիայից և Ռուսաստանից՝ 4-ական %, ԱՄՆ-ից՝ 3%: Մյուս երկրներից թեստին մասնակցածների թիվը չի գերազանցել 1%-ը:

Մասնակիցներն ամենից շատ՝ 81%, ճիշտ են պատասխանել 1-ին հարցին, թե ինչ է արել Գերմանիայի կառավարությունը, երբ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը և Ավստրո-Հունգարիայի դեսպան Պալավիչինին իրենց կառավարություններին տեղյակ էին պահել հայերի ոչնչացման մասին:

Ամենաբարդը, ըստ թեստի արդյունքների, եղել են 3-րդ (նկարիչ Փանոս Թերլեմեզյանի և Վանի հերոսամարտի մասին) և 8-րդ (Ցեղասպանության ու Հոլոքոսթի նմանությունների և տարբերությունների մասին) հարցերը՝ յուրաքանչյուրը ստացել է ընդամենը 29% ճիշտ պատասխան:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---