Սադոյան. Հանրային խորհուրդն էլէներգիայի սակագինը բարձրացնելու որևէ հիմք չի գտել![]() 8 հունիսի 2015 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհուրդն ուսումնասիրել է ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար ներկայացված փաստաթղթերը և որևէ հիմք չի գտել՝ սակագինը բարձրացնելու համար: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: «Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նյութերը, բոլոր բարդ թվերը ու այսօր կարող եմ ասել, որ մի կոպեկ անգամ չի կարելի թանկացնել, դա հակատնտեսական է Հայաստանի համար: Հայտարարում եմ, որ փաստաթղթերում որևէ բան հիմնավորված չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատանք տանել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ, հայտնում է Tert.am-ը: Արշակ Սադոյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն կրեն ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այնպես էլ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության պատասխանատու անձինք, քանի որ անում են ամենը, որ ռուսական ընկերությունները հարստանան: Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, սակայն դեռ հայտնի չէ՝ որքան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ հունիսի 9-ին կամ 10-ին, կհայտնեն սակագնի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «ՀԷՑ-ի շահույթը կազմում է հասույթի 8-12%-ը, որքան գազը թանկանում է, այնքան իրենց շահույթը մեծանում է»,- ասել է նա: Հարցին, թե ինչ ուժ ունի Հանրային խորհրդի տված եզրակացությունը, Արշակ Սադոյանը պատասխանել է, որ կառույցը խորհրդակցական մարմին է միայն, սակայն արդեն ԱՀՀ նախագահի կարգադրությամբ մշակվել ու ԱԺ է ուղարկվել «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա Հանրային խորհրդի անդամը նշել է, որ պետք է զանգվածային ճնշում գործադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա: «Ճնշումը էական դերակատարում կունենա հանձնաժողովի վրա, մարդիկ պետք է գնան ու ասեն՝ դեմ ենք»,- եզրափակել է նա: Հունիսի 2-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները: «Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետև որևէ ապացույց, որևէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել և դա վատ մենեջմենթի արդյունք է: Որևէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,-Բիբինի հետ հանդիպումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ ներկայացված հիմնավորումները «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»: Սուր հարցերին ի պատասխան, ըստ էության, Բիբինն ընդամենը արդարացել է:«Ճիշտ է՝ նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,-հայտնել է Կարինե Աճեմյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |