Էլէներգիայի սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով. Կառավարությունը կաջակցի նպաստառուներին (թարմացված)![]() 9 հունիսի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով: Այդ մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Չնայած էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, Նազարյանը պնդում է, որ ռուսական ընկերության կուտակած ավելի քան 107 մլրդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 մլրդը, պետք է վճարվի սպառողների հաշվին, քանի որ այն գոյացել է ոչ թե ՀԷՑ-ի վատ կառավարման, այլ ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: «Այդ 37 միլիարդ դրամն այս սակագնի մեջ ներառել և փոխհատուցել մեկ տարվա ընթացքում, որպեսզի նա իր ֆինանսական պարտավորությունները կարողանա ամբողջությամբ կատարել: Ես կարծում եմ՝ վերջին հարցերն էլ որ ավարտենք, մոտավորապես 7 դրամից ցածր կլինի»,- ասել է նա: ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 12-ին ԱԺ-ում սակագնի բարձրացման վերաբերյալ բաց խորհրդարանական լսումներ են սպասվում, որոնց կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր կողմերը: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 4-ին համոզմունք է հայտնել, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու մասին ՀԷՑ-ի առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ըստ նրա, մասնագետների առաջին գնահատականների համաձայն, 17 դրամը շատ է: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այժմ հաշվարկում են, թե թանկացումն ինչ ազդեցություն կունենա տնտեսության ու բնակչության վրա: «Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,- ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը: Ըստ նրա՝ այս պահին համապատասխան կառույցները հաշվարկ են անում, ու երբ ՀԾԿՀ-ն որոշումը հրապարակի, գործադիրը հետևանքների մասին բարձրաձայնելու է: Դիտարկմանը, թե միայն նպաստառուներին օգնելով հարցը չի լուծվում, քանի որ «մնացածն էլ մի լավ օրի չեն», վարչապետը պատասխանել է. «Ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված, պետք է ամեն ինչ անենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված, և ես մի քանի անգամ ասել եմ, և հիմա էլ մեկ անգամ ևս ասում եմ, որ երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացնելու ենք»: Կառավարության ղեկավարը եզրափակել է՝ իրենց աշխատանքը բերելու է տնտեսության ակտիվացմանն ու ժողովրդի բարեկեցությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |