ԳԱԿ-ում Սարգիս Համալբաշյանի ցուցահանդեսի մուտքը 10 օր կլինի անվճար![]() 10 հունիսի 2015 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 17-ին բացված «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության մուտքը հունիսի 10-ից 19-ը ներառյալ կլինի անվճար: Ցուցադրությունը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, այդ թվում «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև` արվեստագետի կտավների հայտնի կերպարների նախատիպերի գծանկարների շարք: Հայաստանյան ժամանակակից կերպարվեստի ակունքներում կանգնած արվեստագետն այն եզակիներից է, ում ստեղծագործությունները տեղ են գտել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մեջ: «Համալբաշյանի հայացքն ընդգրկուն է, կենդանի, նրա արվեստը բիոլոգիա՝ կենսաբանություն է, այլ ոչ թե ֆիզիկա: Նա տեսնում է մշակույթը, որ աճում է ոչ միայն վերև, այլև տարածվում է հորիզոնական և մխրճվում հողի մեջ»,- արվեստագետին այսպես է բնութագրում արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը: Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ անհատական ցուցադրությունների շրջանակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Melina Mercury սրահում (Նիկոսիա, Կիպրոս), Die Bodenschatz պատկերասրահում (Բազել, Շվեյցարիա) New Academy պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում: 2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |