Բաքուն անվտանգության պետական երաշխիքներ չի տվել հայ դպրոցականների օլիմպիական թիմին

Բաքուն անվտանգության պետական երաշխիքներ չի տվել հայ դպրոցականների օլիմպիական թիմին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն մինչև Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը (հունիսի 15-ը) համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ, ուստի հայ դպրոցականները չեն մասնակցի օլիմպիադային: Հունիսի 16-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը (հունիսի 15-ը) այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից` ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից: Միաժամանակ հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է.

ա/ ջանքեր չխնայել՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, բ/ անտեսել միջազգային հանրության կարծիքը, գ/ տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածել նաև հումանիտար ոլորտում, դ/ մերժողական դիքորոշում ցուցաբարել հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---