IDeA և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամները Դիլիջանում ու Տաթևում կաջակցեն բիզնեսի զարգացմանը

IDeA և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամները Դիլիջանում ու Տաթևում կաջակցեն բիզնեսի զարգացմանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների միջև հունիսի 19-ին փոխըմբռնման և գործակցության մասին հուշագիր է ստորագրվել, որի նպատակը Տաթևում ու Դիլիջանում, ինչպես նաև հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանմանն աջակցությունն է:

Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում գործակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում, ինչը վերոնշյալ տարածաշրջաններում փոքր ձեռնարկատիրության զարգացման համար համապարփակ աջակցություն է նախատեսում, տեղեկացնում է ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրել են IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։

«IDeA հիմնադրամը թե՛ Տաթևում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, և դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին: «Տաթևի վերածնունդ» ծրագիրը և դրա շրջանակում «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը նկատելի աշխուժացրեցին այդ տարածշրջանում զբոսաշրջային հոսքերը։ Ներկայումս մենք փորձում ենք աջակցել համայնքերում B&B դասի հյուրատների զարգացմանը, և ուրախ ենք այս գործում գործակցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ»,- նշել է Գևորգյանը:

Նա ավելացրել է, որ տեղի ձեռներեցների համար կարևոր են ոչ միայն վարկային միջոցների ձեռքբերումը, այլև մասնագիտական խորհրդատվությունը՝ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար, և հենց այդ հարցում էլ հիմնադրամը կփորձի օգտակար լինել նրանց:

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախատեսվում է, որ փաթեթի մաս կազմող ծրագրերը պետության կողմից մաքսային ու հարկային արտոնություններ կստանան:

Պետրոսյանը նույնպես կարևորել է փաստաթղթի ստորագրումը:

«Տաթևը և Դիլիջանը, որպես Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետեր, ունեն նոր ենթակառուցվածքների, նոր հյուրատների և զբոսաշրջիկների սպասարկման այլ բիզնեսների կարիք: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում և միջազգային գործընկերների հետ համատեղ արդեն աջակցություն է ցուցաբերում նշված տարածաշրջանների սկսնակ գործարարներին, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկացել են հիմնել նոր հյուրատուն կամ զարգացնել արդեն ունեցածը, ինչը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման առաջնայնություններին, այն է՝ ՓՄՁ ոլորտի զարգացումը մարզերում», - ասել է նա:

«Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում 2010-ի հոկտեմբերի 16-ին բացվել է «ՏաԹևեր» ճոպանուղին: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---