Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է

Վերին Լարսում երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Ռուս-վրացական սահմանին գտնվող Ստեփանծմինդա-Լարս (Վերին Լարս) ավտոճանապարհում երթևեկությունը վերականգնվել է՝ այն բաց է ժամը 06:00-ից մինչև 20:30-ը: Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հուլիսի 9-ին հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

Ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով հուլիսի 8-ին երկկողմանի փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամռանն և աշնանը ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսին վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 06:00-ից մինչև երեկոյան 21:00-ն՝ նախկինում գործող 06:00-18:00-ի փոխարեն:

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անցակետն ապահովում է ՀՀ և ՌԴ միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում Վերին Լարսը կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի հարցում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---