ՀՀ նախագահը ցավակցել է Էրդողանին. Ահաբեկչությունը կատարել է 18-ամյա մահապարտ աղջիկը21 հուլիսի 2015 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: «Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նախագահի հեռագրում: Մինչև այդ, զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի: Ինչպես հայտնել է թուրքական CNN Türk-ը, վիրավորվել է մոտ 100 մարդ: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը Շանլիուրֆա գավառի Սուրոչ շրջանում` Ամարա մշակութային կենտրոնի շենքում: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Ինչպես հայտնել է Hurriet-ը, պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Դեռևս ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն իրավապահները կարծում են, որ դրա ետևում ԻՊ գրոհայիններն են կանգնած: Զոհվածների ընտանիքին իր ցավակցությունն է հայտնել նախագահ Էրդողանը: «Ահաբեկչությունը չունի ոչ կրոն, ոչ երկիր, ոչ ազգություն: Որտեղից էլ այն գա, միշտ անիծյալ է լինելու: Ամբողջ աշխարհը պետք է պայքարի այդ չարիքի դեմ: Ցավակցում եմ զոհվածներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարձակումը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թուրքիան լրացուցիչ զորակազմ ու ռազմատեխնիկա ուղարկեց Սիրիայի հետ սահման` պաշտպանելու համար իր տարածքը: Ավելի վաղ` հունիսին թուրքական ԶԼՄ-ները, ռազմական աղբյուրների վրա հղումով հայտնեցին, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողության ծրագիր է մշակում` բուֆերային գոտի ստեղծելու և սիրիաբնակ քրդերի դիրքերի ամրապնդումը խափանելու նպատակով: Նշենք, որ քրդերը վերջին շրջանում լուրջ հաջողությունների են հասել ԻՊ դեմ պայքարում: Թուրքիան լրացուցիչ մի քանի տասնյակ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտի և լրացուցիչ զորակազմ: Ինչպես հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ 18-հազարանոց զորակազմի ուժերով: Ծրագիրը կազմվել է նախագահ Էրդողանի և երկրի վարչապետ Դավութօղլուի մոտ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների ու անվտանգության ուժերի ղեկավարության վեց հանդիպումների արդյունքում: Հաղորդվում է, որ մասնակցելու է 12 հազար զինվոր, որոնք շուտով դիրքեր կզբաղեցնեն Սիրիայի հետ սահմանին: Ընդ որում, ռազմական հրամանատարությունը չի բացառում, որ Սիրիայի տարածքում նրանք կգործեն ոչ միայն ԻՊ գրոհայինների, այլ նաև Ասադի զորքերի դեմ: Որոշ փորձագետներ նշել են, որ գործողության իրական թիրախը ոչ թե սեփական սահմանի պաշտպանությունն է, այլ հակազդեցությունը քրդական ռազմականացված կազմավորումներին: Photo: AP Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |