Հակառակորդը չի դադարում կրակել. 1500 կրակոց՝ մեկ օրվա ընթացքում

Հակառակորդը չի դադարում կրակել. 1500 կրակոց՝ մեկ օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Հուլիսի 21-ին ևս ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:

Իր հերթին Բաքվում գտնվող ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈւորլիքըTwitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն:

Նրա խոսքով, այսօր՝ հուլիսի 23-ին, համանախագահները Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը:

Հուլիսի 21-22 ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Օհանյանն իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---