Պերսեիդների «աստղային անձրևը» կդիտվի հուլիսի 23-ին

Պերսեիդների «աստղային անձրևը» կդիտվի հուլիսի 23-ին

PanARMENIAN.Net - Պերսեիդների ասուպային հոսքը՝ «աստղային անձևը», մեկնարկում է հուլիսի 23-ին, իսկ առավելագույն փուլն ընկնելու է օգոստոսի 12-13-ին և ավարտվելու է օգոստոսի 22-ին: Հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ և աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք նկատելի հետքեր են թողնում:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Այս դեպքում հոսքը պայմանավորող երկնաքարերի խումբն առաջացրել է Սվիֆթ-Թատլի գիսավորը:

Սովորաբար երկնաքարերը շատ փոքր են (ավազահատիկների և մանր քարերի չափերի), և մի քանի հարյուր կմ/վրկ արագություններով մտնելով մթնոլորտ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները որպես կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից: Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---