Ադրբեջանական կողմի նպատակն է խափանել ԼՂՀ պարենային անվտանգությունը10 հոկտեմբերի 2006 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ գոտու դաշտերում հրդեհների բռնկման հիմնական պատճառներն են` աննախադեպ երաշտը, Ադրբեջանի թշնամական գործողությունները` ադրբեջանցի զինծառայողները չեզոք գոտում վառել են չոր խոտաբույսերը եւ կրակոցների ժամանակ օգտագործել լուսածրային գնդակներ: Այդ մասին ԵԱՀԿ բնապահպանական իրավիճակի գնահատման առաքելության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը: «Ադրբեջանական կողմի նպատակն է խափանել ԼՂՀ պարենային անվտանգությունը: Հրդեհների պատճառով Լեռնային Ղարաբաղին հասցվել է 3,5 մլրդ դրամի վնաս: Միեւնույն ժամանակ ուրախալի է, որ հրդեհները լուրջ վնաս չեն պատճառել էկոլոգիական միջավայրին` հիմնականում այրվել են հացահատիկայինների ցանքսերը»,-ասաց Մասիս Մայիլյանը: Ընդսմին, նա արտահայտվեց ղարաբաղյան - ադրբեջանական կառույցների համատեղ գործողությունների անհրաժեշտության օգտին, նշելով, որ դեռեւս 2001 թվականին ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին առաջարկել էին ձեռնարկել վստահության հաստատման համալիր միջոցներ /ավելի քան 20 առաջարկություն/, որոնցից մեկը հենց ենթադրում էր մշակել արոտավայրերի բռնկումների կանխարգելման մեխանիզմներ: «Սակայն ղարաբաղյան կողմի առաջարկները մերժվեցին Բաքվի կողմից, միջնորդներն էլ հանդես չեկան անհրաժեշտ աջակցությամբ: Եթե ժամանակին մեր առաջարկներն ընդունվեին, ապա չէր ստեղծվի ներկա իրավիճակը: Մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի հետ, սակայն, ցավոք, Բաքուն միտք չունի ղարաբաղյան կողմի հետ շփումներ ունենալ նույնիսկ ընդհանուր հետաքրքրութուն ներկայացնող հարցերում»,-նշեց Մասիս Մայիլյանը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը դժգոհություն հայտնեց նաեւ այն առթիվ, որ վերջերս հրդեհների հարցով Վիեննայում կայացած քննարկումներն անցել են առանց ամենաշահագրգիռ կողմի` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների: «Դուք գիտեք, որ տվյալ դիտարկումը խափանման եզրին էր եւ այն կայացավ մեր ջանքերի շնորհիվ: Սակայն այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի 15 տոկոսը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ` Մարտունու շրջանի արեւելյան, Մարտակերտի շրջանի հյուսիս-արեւելյան շրջանները եւ ամբողջ Շահումյանի շրջանը: Եթե մենք հնարավորություն ունենայինք մասնակցել դիտարկման նախապատրաստական մասին, հավանաբար մեզ կհաջողվեր համաձայնության հասնել մեր շահերի գոտում գտնվող տարածքներում եւս դիտարկում անցկացնելու շուրջ: Մենք խորապես ափսոսում ենք, որ միջազգային փորձագետները չեն այցելի Շահումյանի շրջանի տարածքներ, քանի որ մեզ խիստ մտահոգում է այնտեղ ստեղծված բնապահպանական իրավիճակը: Մեր տեղեկություններով, այնտեղ իրականացվում են զանգվածային անտառահատումներ, տեղ են գտնում հրդեհների դեպքեր»,-նշեց Մասիս Մայիլյանը: Նշենք, որ ԵԱՀԿ առաքելության կազմում, որը պետք է Լեռնային Ղարաբաղում 3 օրվա ընթացքում դիտարկում անցկացնի Ադրբեջանի հետ սահմանակից գ ոտում, ընդգրկված են ԱՄՆ, Գերմանիայի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի եւ Էստոնիայի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-7-ը ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղյան փորձագետների մասնակցությամբ նույնպիսի դիտարկում է անցկացրել ադրբեջանական կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |