Գերմանական DW-ի ռեպորտաժն Արցախի մասին «կանխակալ է». Ադրբեջանը կբողոքի համապատասխան մարմիններին

Գերմանական DW-ի ռեպորտաժն Արցախի մասին «կանխակալ է». Ադրբեջանը կբողոքի համապատասխան մարմիններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է Գերմանիայի Deutsche Welle հանրային հեռուստառադիոընկերության թիմի այցին Արցախ և հանրապետության մասին պատրաստած ռեպորտաժին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի, այն «կանխակալ է և միակողմանի, հեռու օբյեկտիվ լրատվության սկղբունքներից, իսկ թիմի այցը՝ հակաօրինական»:

Deutsche Welle-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությանը, հրադադարի վերջին խախտումներին: Ռեպորտաժում նշվում է, որ 20 տարի առաջ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անջատվել է Ադրբեջանից՝ Հայաստանի կողմից այդ երկրի հանդեպ տարած հաղթանակի արդյունքում: Նշվում է նաև, որ պատերազմը 30.000 մարդու կյանք է խլել, իսկ Արցախն այժմ պատերազմ չի ցանկանում:

«Մենք պատերազմից չենք վախենում, ի վիճակի ենք պատասխանել նրանց, ովքեր պատերազմ սկսելու փորձ կանեն»,- DW-ին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն այս հարցով կդիմի Գերմանիայի համապատասխան մարմիններին, գրում է Apa.az-ը:

Նրա խոսքով, չնայած DW-ի կողմից աշխարհի մշակույթների ժողովուրդների միջև փոխըբռնմանը, ռեպորտաժը «հրահրում է էթնիկ և կրոնական հակամարտություն»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ այցելած հայտնի անձանց, մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողներին ներառում է իր «սև ցուցակի» մեջ: 2013-ին հրապարակած ցուցակի մեջ էին 335 անձ, ովքեր անցանկալի են համարվում Ադրբեջանում: «Սև ցուցակում» հայտնվածները կարող են դուրս հանվել դրանից, եթե հատուկ նամակով ներողություն խնդրեն առանց պաշտոնական Բաքվի թույլտվության ԼՂՀ այցի համար:

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում էր պարզել ռուսաստանցի այն լրագրողների անունները, ովքեր այցելել էին Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու վերջերս այնտեղ հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսին: Գերատեսչությունից չէին բացառել, որ այդ լրագրողների անունները կընդգրկվեն ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---