Համահայկական 6-րդ խաղերի նամականիշը մարվել է. Այն կտարածվի ամբողջ աշխարհով

Համահայկական 6-րդ խաղերի նամականիշը մարվել է. Այն կտարածվի ամբողջ աշխարհով

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն պաշտոնապես մարել է և շրջանառության մեջ դրել Համահայկական ամառային 6-րդ խաղերը խորհրդանշող նոր փոստային թողարկում՝ գեղաթերթիկ մեկ նամականիշով: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են խաղերի ոսկե մեդալի դիմերեսը և դարձերեսը, ինչպես նաև խաղերի լոգոտիպն ու գավաթը, նշված են այն քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ: Նամականիշի վրա պատկերված է մարզադաշտ` 6 հիմնական սպորտաձևով, ինչպես նաև Համահայկական խաղերի լոգոտիպը:

Նամականիշի մարմանը մասնակցել են ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներ Հերմինե Դուզյանը և Տիգրան Ալթունը, պատվավոր անդամ Հագոպ Կիրմիզյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Համահայկական ամառային 6-րդ խաղերն այնքան նշանակալից են մեր ազգի համար, որ նախարարության նամականիշների խորհուրդն ու «Հայփոստ» ընկերությունը որոշել էին ստեղծել թե ծրար, թե գեղաթերթիկ, թե նամականիշ», - ասել է փոխնախարարը:

Թադևոսյանի տեղեկացմամբ` նամականիշը մեծ տպաքանակով կսպառվի ամբողջ աշխարհում:

«Այն համալրելու է համաշխարհային ֆիլատելիայի նմուշները: Կարծում եմ` իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային նամականիշերի շարքում»,- հավելել է փոխնախարարը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը՝ 20.000 օրինակ է: Նամականիշի չափերն են` 28/45 մմ, գեղաթերթիկինը` 52/77 մմ:

Ընդհանուր առմամբ 2015-ի Խաղերին մասնակցում է ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի համեմատ՝այս Խաղերն աննախադեպ են մարզիկների և մարզաձևերի քանակով: 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Մրցումներ անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ Խաղերին կմասնակցեն Դիարբեքիրն ու Դերսիմը: Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգում է հայկական կողմը: ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում որոշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2015-ի 9 ամսում այդ նպատակով հատկացնել 39.800.000 դրամ:

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---