Դատախազն ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսներին պահանջում է ազատազրկել 11 և 9 տարով![]() 6 օգոստոսի 2015 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպաններ և ընդդիմադիր ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով նիստը։ Պետական մեղադրող Ֆարիդ Նաղիևը հայտարարել է, որ ամուսինների մեղքն ամբողջությամբ ապացուցված է, և Լեյլա Յունուսի համար պահանջել է 11, Արիֆ Յունուսի` 9 տարվա ազատազրկում։ Ամուսինները մեղադրվում են պետական դավաճանության, խաբեբայություն, խուսափում հարկերի վճարումից, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարելու և ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։ Դատավարությունը սկսվել է հուլիսի 27-ին։ Յունուսը ազատազրկված է անցյալ տարվա հուլիսից, իսկ նրա ամուսինը` Արիֆը, անցյալ տարվա օգոստոսից։ Իրավապաշտպանների պնդմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։ Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Օգոստոսի 6-ին դատարանում 60-ամյա պատմաբանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նախագահող դատավոր Աֆղան Հաջիևը շտապօգնության բրիգադի բշիշկներին թույլատրել է տեղում հետազոտել ամբաստանյալին և օգնություն ցույց տալ, ապա կարգադրել շարունակել նիստը։ Այդ ընթացքում նրա կինը մեղադրական հայտարարություններ է հնչեցրել դատավորի և դատախազի հասցեին։ Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, ուստի դատական գործընթացը կարելի է շարունակել։ Դատական հաջորդ նիստը, որի ընթացքում խոսքը կտրվի պաշտպանին, նախատեսված է օգոստոսի 10-ին։ Դրանից հետո էլ դատարանը կհրապարակի վճիռը։ Ըստ իրավապաշտպանների՝ Ալիևի ռեժիմը որևէ գթասրտություն չի դրսևորի։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Յունուսների ձերբակալումից առաջ ձերբակալվել է նաև հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |