Վանի 250-ամյա հայկական վանքը՝ գանձախույզների հերթական թիրախ

Վանի 250-ամյա հայկական վանքը՝ գանձախույզների հերթական թիրախ

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը:

Ընդհանուր պարիսպով շրջապատված համալիրը ներառում է եկեղեցու շենքը և որպես օժանդակ կառույցներ ծառայող ևս 12 սենյակ: Եկեղեցու գմբեթը հունական ոճով է կառուցված՝ ուղղանկյունաձև, ներսից՝ հողաշեն: Նման գմբեթները Վանում հազվադեպ են հանդիպում: Դրանց կառուցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին մոտ 200-250 տարի առաջ է կառուցվել: Հայտնի է, որ 19-րդ դարում համալիրում ապրել է մոտ 300 հոգևորական:

Այսօր եկեղեցու գմբեթը փլուզված է, պատերը՝ ճաքճքած, կառույցն ու համալիրի ամբողջ տարածքը տուժել են գանձեր որոնողների գործունեության հետևանքով, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գանձ որոնողների գործողությունների հետևանքով ոչնչացման եզրին է նաև Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն շրջանի Մարութա սարի ստորոտին գտնվող պատմական հայկական Սբ Առաքելոց վանական համալիրը: Եկեղեցու կառույցների մեծ մասն ավերված ու փլուզված է:

Երկհարկանի կառույցի առաջին հարկը փլուզումների հետևանքով հողով է լցված: Հարակից տարածքն ու մոտակայքում գտնվող գերեզմանոցը գանձ որոնողներն ավերում են, վնասում հորատման աշխատանքների պատճառով:

Սբ Առաքելոց վանական համալիրը հայտնի է նաև որպես Քոմքի եկեղեցի: Կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 1300-ականներին և արդեն մոտ 800 տարվա պատմություն ունի: Միջնադարում համալիրը եղել է Սասունի հոգևոր կենտրոնը՝ եպիսկոպոսարանը:

Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:

Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն:

Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

Մշակութային եղեռն

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Ըստ 1912-1913 թվականներին Կոստանդնուպոլսի հայկական Պատրիարքարանի կազմած և թուրքական կառավարությանը ներկայացրած պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է նաև հանրապետական Թուրքիայում, քանի որ դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---